
«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի բողոքի ակցիան ավարտվեց. վաղը խոստացել են հանդիպել ցուցարարների հետ

«Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի բողոքի ակցիան ավարտվեց։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը զրուցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, և պայմանավորվածություն ձեռք բերվեց վաղն ընդունել ակցիայի մասնակիցներին՝ քննարկելու խնդիրը:
Ցուցարարներից մեկն էլ դժգոհեց, թե ինչու հիմա Տ. Ավինյանը չի ուղարկել որևէ մեկին իրենց հետ հանդիպման. «Այսօր հնարավո՞ր չէր՝ իր գրասենյակի աշխատողին ուղարկեր այստեղ, ինքն էսքան մարդուց իրեն վե՞ր է դասում ու ու գցում վաղվա վրա. ինձ թվում է՝ նույն հաջողությամբ կկարողանան խաբել»։
«Ձեզ ասում եմ այն, ինչ հնարավոր եղավ պայմանավորվել, եթե իրենք ձեզ չզանգեն, կապը կպահեմ ձեզ հետ»,- ի պատասխան՝ նշեց Գորգիսյանը։
Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ վաղը բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպելու են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի և Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանի հետ:
Զարուհի Դիլանյան