Բաժիններ՝

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը՝ բանկում ունեցած բաժնետոմսերի ու մերձիշխանական շփումների մասին

ԵՊՀ-ում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից առաջ լրատվամիջոցներում տեղեկություն էր շրջանառվում, որ թեկնածու Գեղամ Գևորգյանի լոբբինգով զբաղվում է պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը։

«Պարոն Հովհաննիսյանին հանդիպել եմ կյանքում մի քանի անգամ,- արդեն ընտրությունից հետո լրագրողների հարցին ի պատասխան՝ նշեց ռեկտորի ժ/պ ընտրված Գեղամ Գևորգյանը՝ հավելելով,- Եթե նա լավ է վերաբերվում ինձ, դրա տակ բան չփնտրենք»։

Իշխանական շրջանակների հետ հարաբերությունների վերաբերյալ Գևորգյանը նկատեց, որ իրեն աշխատանքից ազատել են հենց այդ պատճառով, մինչդեռ ինքը նման հարաբերություններ չի ունեցել։ Այդուհանդերձ, ռեկտորի նորընտիր ժամանակավոր պաշտոնակատարը չհերքեց լուրերն Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման վերաբերյալ։

«Հանդիպել եմ մարտին»,- ասաց նա:

Հարցին, թե ինչ նպատակով՝ նա այսպես արձագանքեց. «Բարի»։

Գևորգյանը հաստատեց նաև լուրերը, որ ինքը բաժնեմասեր ունի «Էվոկա» բանկում, բայց տեղեկացրեց, որ այն չի ենթադրում բիզնես կառավարում, հետևաբար՝ չի խանգարի պաշտոնավարմանը։

Արամ Սիմոնյանի հետ դատական գործընթացների մասին էլ նա տեղեկացրեց, որ գործը դեռ վարույթ չի ընդունվել, նրանք պարտավոր էին գործն ընդունել վարույթ, որպեսզի որոշի հետագա անելիքները։

Ի դեպ, Գ. Գևորգյանը նշեց, որ կուսակցական չէ։

Հիշեցնենք, այսօր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրված Գեղամ Գևորգյանը ԵՊՀ նախկին պրո­ռեկտորն էր, ում աշխա­տանքից ամիսներ առաջ ազատել էր Արամ Սիմոնյանը:

Գեղամ Գևորգյանն անդրադարձավ նաև Արամ Սիմոնյանի հետ հարաբերություններին։

«Մարտի 12-ից հետո ես նրան չեմ տեսել»,-ասաց նա։

Իսկ ինչպե՞ս են պատրաստվում աշխատել միասին՝ լրագրողի հարցին, նա պատասխանեց.

«Պաշտոնատար անձի պարտականությունների մեջ է մտնում աշխատել բոլոր աշխատողների հետ նորմալ, եթե մարդը չի կարող նորմալ շփվել իր ենթակաների հետ, ուրեմն նա որպես ղեկավար անելիք չունի»։

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս