Թուրքիայի դատարանը 119 զինվորականների ցմահ բանտարկության դատապարտեց պուտչիստների գործով. NTV
Անկարայի դատարանը մայիսի 30-ին 119 թուրք զինվորականների ցմահ բանտարկության է դատապարտել 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու համար: Այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը:
Դատապարտվածների թվում կան ռազմական օդաչուներ, որոնք չհաջողված պուտչի գիշերը ռումբեր են նետել եւ կրակ բացել մայրաքաղաքում հետախուզական ծառայության, խորհրդարանի եւ անվտանգության վարչության շենքերի վրա:
Այդ անձինք վեցից մինչեւ 29 ցմահ պատժաժամկետ են ստացել: Նախկին գնդապետ Ուղուր Կապտանը, որը դավադիրների կողմից բռնված զինված ուժերի գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Խուլուսի Աքարին ուղղաթիռով հասցրել է նախագահական պալատի տարածք, ստացել է 29 ցմահ բանտարկություն կամ մոտավորապես 3,9 հազար տարվա կալանք գործած հանցագործությունների միագումարով:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինուժերի մի խումբ զինվորներ ու սպաներ պետական հեղաշրջման եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բռնելու փորձ են ձեռնարկել: Հիմնական դիմակայությունը ծավալվել է Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել է 250 մարդ, չհաշված պուտչիստներին, վերքեր է ստացել ավելի քան 2 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: