Բաժիններ՝

ԵՊՀ ռեկտորի հավանական թեկնածուներն են Գեղամ Գևորգյանն ու Վահե Հովհաննիսյանը

Մեկնարկել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում հաստատվելու է ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը և նշանակվելու է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար:

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում և հաստատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների իրականացումը, և այլն:

Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների ներկայացուցիչներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրված կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ գործընկեր գործատուներից՝ 25-ական տոկոս համամասնությամբ:

2019 թ. հունվարի 22-ի «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 9 նիստի ընթացքում Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: Հենց Գևորգ Մուրադյանն է անցկացնում այսօրվա նիստը։

Նիստի ժամանակ ռեկտորի ընտրության համար փակ  քվեարկության առաջարկներով հանդես եկան հոգաբարձուների խորհրդի մի քանի անդամներ։

Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի  Անգլերենի թիվ 1 ամբիոնի վարիչ Մարգարիտա Ապրեսյանը նույնպես խոսեց փակ քվեարկության անհրաժեշտության մասին։ Նա նշեց, որ ներկայացված երկու թեկնածուներին էլ գիտի։

«Մեկը մեր տաղանդավոր մաթեմատիկոս պարոն Գևորգյան Գեղամն է, մյուսը՝ Վահե Հովհաննիսյանը, որին դասավանդել եմ, և որը  լսարանում տարբերվում էր»,- ասաց նա։

Ի դեպ, Ապրեսյանի առաջարկով ներկաները շնորհավորեցին Երևանի Պետական համալսարանի հարյուրամյակը։

Նիստը դեռ ընթանում է։

 Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս