«Մեկ Հայաստան» կուսակցությունը նախաձեռնում է քննարկումների և խորհրդակցությունների շարք
«Մեկ Հայաստան» կուսակցության հայտարարությունը` Իրավական անվտանգության համապարփակ հայեցակարգի մշակման մասին:
««Մեկ Հայաստան» կուսակցությունը, հետևելով վերջին օրերին ՀՀ դատական համակարգի շուրջ ծավալվող իրադարձություններին, արձանագրում է.
1. ՀՀ գործադիր իշխանության կողմից տեղի է ունեցել առերևույթ միջամտություն ՀՀ դատական իշխանության գործունեությանը, որի հետևանքով խախտվել է ժողովրդավարության և ՀՀ Սահմանադրության հենասյուն հանդիսացող իշխանությունների տարանջատման սկզբունքը, խաթարվել է դատական իշխանության անկախությունն ու բնականոն գործունեությունը.
2. Գործադիր իշխանության կողմից հայտարարվել է Հայաստանում անցումային արդարադատության գործիքակազմի ներդրման և գործող դատավորների նկատմամբ, այսպես կոչված «վեթթինգի» կիրառման որոշման մասին.
3. ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել են Հայաստանում անցումային արդարդատության ներդրման վերաբերյալ լսումներ, որի արդյունքներով պարզ դարձավ, որ Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների մոտ առկա է ոչ ամբողջական և համալիր պատկերացում առաջարկվող գործիքակազմի ամբողջության, դրա կիրառման մեխանիզմների և հնարավոր հետևանքների վերաբերյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը, «Մեկ Հայաստան» կուսակցությունը համոզմունք է հայտնում, որ.
1. ՀՀ իշխանությունների կողմից դատական համակարգի բարեփոխման «հեղափոխական» և «վիրահատական» միջամտությունը կրում է հատվածական, տարերային և խիստ սուբյեկտիվ թիրախովորված բնույթ, ինչը, մեր խորին համոզմամբ, չի բխում անկախ, արդյունավետ գործող և հանրային լայն վստահություն վայելող դատական համակարգ ունենալու ՀՀ ազգային և պետական շահից.
2. Հայաստանում անցումային արդարադատության կիրառման հիմքերի և նախադրյալների բացակայության իրավիճակում իշխանությունների կողմից «անցումային արդարադատության» գործիքակազմի ներդրման և գործարկման մասին որոշումը որակում ենք արհեստական և խիստ քաղաքականացված: Այդ որոշման մեջ առկա են լրջագույն ռիսկեր ՀՀ դատական համակարգի` որպես սահմանադրական ինստիտուտի, հիմքերի խարխլման, բնականոն գործունեության խաթարման և, այն գործադիր իշխանության կողմից առավելագույնս կառավարելի դարձնելու և, վերջին հաշվով, ՀՀ իրավական անվտանգության սպառնալիքներ:
3. ՀՀ գործադիր իշխանության կողմից դատավորներին «վեթթինգի» ենթարկելու որոշումը չի համապաստախանում ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ դատական օրենսգրքով ՀՀ դատական իշխանության և դատավորի համար սահմանված չափանիշներին, իր մեջ կրում է իշխանության համար անցանկալի դատավորներից ազատվելու գործիքի վերածվելու մեծ ռիսկայինություն: Մեր դիտարկմամբ, «վեթթինգը» իր ամբողջ տրամաբանությամբ և առաքելությամբ, պետք է կիրառվի ՀՀ պետական կառավարման ամբողջ համակարգի, մասնավորապես ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:
Գիտակցելով և ընդունելով ՀՀ դատական համակարգի շարունակական և հետևողական բարեփոխումների անհրաժեշտությունն ու կարևորությունը, առաջնորդվելով քաղաքական ցենտրիզմի առաջադիմական սկզբունքներով, ինչպես նաև պետական քաղաքականության կանխատեսելության, որոշակիության և կայունության ծրագրային դրույթներով, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է.
1. Սկսել «ՀՀ իրավական անվտանագության համապարփակ հայեցակարգի» մշակման գործընթաց` այն դիտարկելով որպես ՀՀ ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ:
2. «Մեկ Հայաստան» կուսակցությունը նախաձեռնում է քննարկումների և խորհրդակցությունների շարք ՀՀ քաղաքական ուժերի, իրավաբանական հանրույթի պրոֆեսիոնալ և ակադեմիական ներկայացուցիչների հետ` աշխատանքային խմբի ձևավորման և առաջադրված խնդրի համալիր լուծման նպատակով:
Համոզված ենք, որ պետական քաղաքականությունը, դրանում առկա լուծումներն ու մեխանիզմները իրենց մեջ պետք է արտացոլեն քաղաքական համակարգի գործունեության խելամիտ հավասարակշռություն և կանխատեսելի բարձր արդյունավետություն:
Ուստի, Հայաստանի անվտանգության բոլոր հայեցակարգերը պետք է հիմնված լինեն բացառապես ՀՀ ազգային և պետական շահի վրա, բավարարեն հանրության կողմից ձևակերպված ակնկալիքներն ու պահանջները` ծառայելով ի նպաստ և հանուն Հայաստանի Հանրապետության»: