Բաժիններ՝

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարները փակել են Ուջան-Ագարակ ճանապարհահատվածը. Իրավիճակը լարված է

«Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարները փակել են Ուջան-Ագարակ ճանապարհահատվածը: Նրանք պահանջում են մի քանի ամսվա չվճարված աշխատավարձը։ Ենթակապալառու 19 կազմակերպությունները պնդում են, որ 2018 թվականի օգոստոսից աշխատավարձ չեն ստացել։

Ցուցարարների հետ հանդիպման է եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը, ում միջնորդությամբ ճանապարհը մի քանի անգամ բացվեց մի քանի խումբ մեքենաների համար։

«Հունվար-փետրվար ամիսներին եմ խնդիրը բարձրաձայնել կառավարությունում, ասացին, որ՝ «տեղյակ ենք խնդրին և զբաղվում ենք»։ Վաղը մայիսն ավարտվում է, և որևէ լուծում մարդիկ դեռևս չեն տեսնում, և այս հուսահատությունն է նրանց դրդել դուրս գալ ծայրահեղ միջոցների, փակել ճանապարհը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գորգիսյանը։

Ակցիայի մասնակիցներն ակնկալում են, որ ոլորտը վերահսկողները լուծում կտան իրենց խնդիրներին:

«Դիմել ենք տարբեր տեղեր, բայց ոչ մի արդյունք, վարկերի-պարտքերի տակ էլ՝ չգիտենք ինչ անենք»,- ասաց բողոքի մասնակիցներից մեկը

«Ում ասես՝ դիմել ենք՝ Օսիպյանից բռնած՝ մինչև Նիկոլ Փաշինյան»,- հավելում է գործընկերը։

Արդեն մեկ ժամից ավելի է՝ ճանապարհը փակ է։ Խցանման մեջ մնացած վարորդները նյարդայնացած են։

Հիշեցնենք, որ երեկ Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հետաքրքրվել էր «Հյուսիս –Հարավ» ճանապարհի շինարարությունն իրականացնող «Կորսան Կորվիամ» ընկերության կուտակած պարտքերով՝ ե՞րբ է ընկերությունը վերադարձնելու ենթակապալառու ընկերությունների պարտքերը։

«Ինձ դիմել էին 19 ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր հանդիսանում են «Կորսան Կորվիամ» կապալառու ընկերության ենթակապալառուները, և ում օգոստոս ամսվանից որևէ փոխանցումներ չեն կատարվել: Արդեն ամիսներ շարունակ այս հարցը ենթակապալառու ընկերությունները բարձրացնում են, տարբեր հանդիպումներ են ունեցել և՛ նախարարի, և՛ փոխնախարարի, և՛ կառավարության տարբեր ներկայացուցիչների հետ: Բայց հարցին որևէ լուծում չի տրվել, թե որևէ կերպ նրանք այդ գումարները կկարողանա՞ն երբևէ հետ ստանալ, թե՞ ոչ»,- ասել էր նա։:

Հարցին ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը նշել էր. «Ուզում եմ տեղեկացնել, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության առաջին և երկրորդ տրանշների հետ կապված ունենք խնդիրներ: Եվ այդ խնդիրները կապված են և՛ աշխատանքների որակի հետ, և աշխատանքի կատարման ժամկետների հետ: Մենք հիմա փաստացի նաև բանակցում ենք «Կորսան Կորվիամ» ընկերության հետ և ուզում ենք հասկանալ՝ արդյո՞ք գնում ենք միջազգային արբիտրաժ, թե՞ չենք գնում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, պարտավորություն չունի ենթակապալառուների նկատմամբ: Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ մենք այս պահի դրությամբ պարտավորություն չունենք «Կորսան Կորվիամ» ընկերության նկատմամբ: Բանակցությունների պրոցեսում մենք պետք է հասկանանք, թե ինչ լուծումներ ենք փորձելու գտնել: Բայց էդ լուծումները պետք է լինեն ընդհանուր հանրային շահից բխող»:

Զարուհի Դիլանյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս