
Շառլ Ազնավուրի հավաքածուից արվեստի ստեղծագործությունները կվաճառեն Փարիզի աճուրդում

Ֆրանսիացի աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրին պատկանող արվեստի ստեղծագործությունները կվաճառեն Փարիզում կայանալիք աճուրդում: Ինչպես հայտնել է Le Figaro թերթը, աճուրդը, որը կազմակերպում է Christie՚s տունը, կկայանա հունիսի 4-ին:
Աճուրդի կդրվեն երկու բրոնզե քանդակներ: Առաջինը ֆրանսիացի նկարիչ Ժերմեն Ռիշիեի (1902 – 1959) գործն է, որն ստեղծվել է 1953 թվականին եւ պատկերում է ցլամարտիկի եւ ցուլի գանգ: Այդ քանդակը Ռիշիեի 11 գործերից բաղկացած շարքի մի մասն է, որոնք նվիրված են ցլամարտի թեմային:
Նրա մյուս գործերը պահվում են Նյու Յորքի Գուգենհայմի ֆոնդում եւ Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանում: Փորձագետները քանդակի արժեքը գնահատում են 2,5 միլիոն եվրո: Ազնավուրի հավաքածուի եւս մեկ գործ Սեզար Բալդաչինիի «Տեսկոնիի տախտակը» քանդակն է, որն ստեղծվել է 1958 թվականին: Լոտի նախնական արժեքը կազմում Է 60 հազարից մինչեւ 80 հազար եվրո:
Ավելի վաղ Ֆրանսիայում կայացած աճուրդում վաճառվել է այն ավտոմոբիլը, որը շանսոնիեն գնել է 1966 թվականին: Աճուրդը տեղի է ունեցել փետրվարի 7-ին Գրան պալե ցուցահանդեսային պալատում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: