Բաժիններ՝

«Ձյաձյ, քշի խաղատուն, բայց մի 10 րոպե սպասի՝ հես ա կրվեմ՝ գամ». Տաքսու վարորդները՝ խաղամոլների մասին

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, ԱԺ պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի համահեղինակած «Վիճակախաղերի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ անելու առաջարկը մայիսի 23-ին ստացավ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ: Oրենքի նախագծի փոփոխությամբ առաջարկվում է սահմանափակել բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրեց այն կոնսենսուսային տարբերակը, որին հանգել է հանձնաժողովը:

«Շեշտում ենք, որ կա հստակ պայմանավորվածություն, որ կատարվելու են հետևյալ փոփոխությունները՝ 500 միլիոն դրամ ֆինանսական երաշխիքի պահանջը պետք է դուրս գա, կայքերի հասանելիության հետ կապված սահմանափակումների պահանջը պետք է հանվի, բուքմեյքերական կետերի արգելման պահանջը ուժի մեջ պետք է մտնի 2020 թվականի նոյեմբերի մեկից, էլեկտրոնային սարքավորումները, որոնք տեղադրված են գազալցակայաններում և այլ տեղերում, օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հանվելու են»,- ասաց Թունյանը՝ ընդգծելով, որ նախագծի՝ այդ փոփոխությունները կլինեն մինչև երկրորդ ընթերցումը:

Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Օրենքի այս նախագիծը խոշոր ընկերությունների լուրջ շահերի հետ է առնչվում։ Եթե նույնիսկ գրասենյակները փակվեն ՀՀ տարածքում, դա չի նշանակում, թե սահմանափակվում է բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը։ Իրականում, մարդիկ շարունակելու են խաղալ արդեն միայն օնլայն տիրույթում, ինչը շատերն անում են՝ առանց բուքմեյքերական գրասենյակներ այցելելու՝ համակարգչով կամ հեռախոսներով։ Օրենքի նախագծի հեղինակների պատճառաբանությունն այն է, որ ժողովուրդը գնում է բուքմեյքերական գրասենյակներ, կրվում: Ոլորտի ներկայացուցիչները բազմիցս ասել են, որ սա հարցի լուծում չէ, մարդիկ հնարավորություն են ունենում օնլայն տիրույթում նույնը խաղալ:

Ըստ այդ նախագծի՝ Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունների («Վիվառո», «Տոտո», «Աջարաբեթ», «Գուդվին-Բեթ» և «Եվրոֆուտբոլ») գրասենյակները կգործեն միայն Ջերմուկ, Մեղրի, Սևան և Ծաղկաձոր քաղաքներում, կստուգվի մուտք գործող քաղաքացիների ինքնությունը, ՀՀ տարածքում կարգելվեն խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումները, բուքմեյքերական ընկերությունների համար կսահմանվի պարտադիր 500 միլիոն դրամ դեպոզիտ, մոլախաղերով հրապուրված և իրենց ընտանիքի անդամներին ծանր դրության մեջ դրած քաղաքացիները կզրկվեն բուքմեյքերական ծառայություններից օգտվելու հնարավորությունից, և այլն:

168.am-ն անդրադառնալով խնդրին՝ գրել է, որ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող նախագիծն իրականում բարենպաստ պայմաններ է ստեղծում ՀՀ-ում առցանց և բուքմեյքերական գրասենյակների միջոցով գործունեություն ծավալող ամենախոշոր՝ «Վիվառո» ընկերության համար, որը շուկայի մոտ 80 տոկոսին է տիրապետում:

«Վիվառոյի» հիմնադիրներ Վիգեն և Վահե Բադալյան եղբայրները խոշոր աջակցություն են ցուցաբերել Փաշինյանի «թավշյա» հեղափոխությանը՝ ոչ միայն ֆինանսապես են աջակցել, այլև ֆեյքային ֆաբրիկաների գործադրմամբ։ Բուքմեյքերական գրասենյակների փակվելու և միջազգային նմանատիպ կազմակերպությունների հասանելիությունն արգելելու արդյունքում՝ լիակատար պայմաններ են ստեղծվում «Վիվառոյի» համար՝ մոլախաղերը տեղափոխելով առցանց հարթություն։ Ավելին, լուրեր են շրջանառվում, որ ի սկզբանե Ա. Սիմոնյանի ներկայացրած օրինագիծը գրվել է հենց «Վիվառոյի» իրավաբանների կողմից և բխում է հենց նրանց շահերից։

Տաքսու վարորդները, ովքեր գրեթե ամեն օր տանում ու բերում են, շփվում են բուքմեյքերական ընկերություններ, խաղատներ հաճախող մարդկանց հետ, մեզ հետ զրույցում հայտնեցին իրենց կարծիքը, տեսածն ու լսածը՝ խնդրի վերաբերյալ:

Հիմիկվա ջահելների մեծ մասը կամքի ուժ չունի

«Արդեն հաշիվն էլ եմ կորցրել, թե օրը քանի՞ ջահել երեխի եմ տանում դրանց դուռը: Սենց չի կարա շարունակվի: Նայում ես՝ կրթված, նորմալ տղա ա, բայց թե ինչի՞ են էս աննորմալություններով հետաքրքրված, չես հասկանում: Հասկանո՞ւմ եք, մի անգամ գնացին՝ վերջ… կախվածություն են ձեռք բերում, հիմիկվա ջահելների մեծ մասն էլ կամքի ուժ չունեն: Էն օրը մի ջահելի ասում եմ՝ մեղք ես, կկործանվես դու էլ, ընտանիքդ էլ, ասում ա՝ հասկանում եմ, հոպար ջան, բայց չեմ կարողանում ինձ զսպեմ: Նմանները 100-ավոր են: Մի բան պետք ա արվի, մեղք են»,- մտահոգությամբ կիսվեց վարորդ Սմբատը:

Բուքմեյքերական ընկերություններից շատ անչափահաս երեխաներ են օգտվում

«Բուքմեյքերական ընկերություններից չափից շատ նաև անչափահաս երեխեքն են օգտվում: Մեխանիզմներ են պետք, սրանց պետք ա զսպել: Նստում են 5-6 հոգով ու… ուղիղ այդ տեղերը… Ոչ հսկողություն կա, ոչ արգելք, լրիվ անտեր վիճակ է»,- հավելեց վարորդ Նարեկը:

Կազինոյում կրվելուց հետո մեկն իրան մոստից գցեց

«Ամեն օր ճանապարհի վրա ենք ու, ասենք, հենց ուզում ես Youtube մտնես, մի հատ վիդեո նայես, լրիվ սրանց գովազդներն են: Ջղայնացած փակում ես, մեկ էլ, հոպ, տղա ա նստում ու ասում՝ տարեք էս կամ էն կազինոն: Ուզում ես ասես՝ ախպեր, իջի էլի, իջի: Էն օրը մեկին ասի՝ վատ բան ա, մի գնա, պատմեցի աչքովս տեսածը, թե ոնց էր կրվելուց հետո մեկն իրան մոստից գցել: Հա, շատ էր էդ դեպքը ազդել վրես: Ընկերոջն էր զանգել, թե՝ վերջ, պարտքերի տակ եմ, էսօր էլ տարվեցի, էլ փրկություն չկա: Մինչև էդ տղին տեղ հասցրի, արդեն ուշ էր…»,- պատմեց տաքսու վարորդներից Արսենը:

Կինը բաժանվեց, սա մնաց մենակ, անգործ, պարտքերն էլ՝ վզին

«Խելոք տղա էր, հյուրանոցներից մեկում մենեջեր էր աշխատում, ամեն օր տանում-բերում էի: Թե մի քանի ամսում ի՞նչ կատարվեց էդ տղի հետ, տենց էլ չհասկացանք: Սկսել էր գործի չգնալ, մի օր տեսա՝ հարցրի, թե ի՞նչ ա եղել, ոչինչ չպատասխանեց: Հետո բակի տղեքն ասին, որ խաղամոլ ա դարձել, կրվել ա ամեն ինչ, նույնիսկ գործի տեղից գումար ա վերցրել՝ եսիմ քանի միլիոն, ու դա էլ ա կորցրել: Կինը բաժանվեց, երեխին վերցրեց գնաց, սա մնացել ա մենակ, անգործ, պարտքերն էլ՝ վզին: Թե ի՞նչ ա վերջը լինելու, չգիտեմ»,- ասաց վարորդ Վաչագանը:

Տաքսին կանգնեցրեց, թե՝ ձյաձյ, քշի խաղատուն, բայց մի 10 րոպե սպասի՝ հես ա կրվեմ՝ գամ

«Եթե էս ամեն ինչի դեմը չառնեն՝ շատ վատ ա մեր երկրի վիճակը լինելու: Մինչև 45 տարեկան մարդիկ էս ցավով տառապում են: Էն օրը մի տղա տաքսին կանգնեցրեց, թե՝ ձյաձյ, քշի խաղատուն, բայց մի 10 րոպե սպասի՝ հես ա կրվեմ՝ գամ: Ասում եմ՝ հաստատ 10 րոպեից գալո՞ւ ես, ասեց՝ հա բա, դե կտեսնես:

Մեքենան կանգնացրեց, սուրճ առավ, տվեց, ասեց՝ մինչև վերջացնես՝ հետ կգամ, այդպես էլ եղավ. եկավ՝ ասեց՝ կրվեցի եկա… այսինքն՝ իրենք գիտեն, որ գնում են պարտվեն գան, հաղթելու շանս չկա»,- պատմեց տաքսու վարորդներից Հովհաննեսը:

Անի Կարապետյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս