Ի՞նչ է թաքնված «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի տակ
ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումները խորհրդարանում կսկսվեն ապրիլի 10-ից՝ նախ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ապա՝ ԱԺ լիագումար նիստում: Ըստ նախագծի՝ Հայաստանում գործող բուքմեյքերական ընկերությունների («Վիվառո», «Տոտո», «Աջարաբեթ», «Գուդվին-Բեթ» և «Եվրոֆուտբոլ») գրասենյակները կգործեն միայն Ջերմուկ, Մեղրի, Սևան և Ծաղկաձոր քաղաքներում, կստուգվի մուտք գործող քաղաքացիների ինքնությունը, ՀՀ տարածքում կարգելվեն խաղադրույք կատարելու ավտոմատացված սարքավորումները, բուքմեյքերական ընկերությունների համար կսահմանվի պարտադիր 500 միլիոն դրամ դեպոզիտ, մոլախաղերով հրապուրված և իրենց ընտանիքի անդամներին ծանր դրության մեջ դրած քաղաքացիները կզրկվեն բուքմեյքերական ծառայություններից օգտվելու հնարավորությունից, և այլն:
Վերջերս մամուլում տեսակետ հայտնվեց, թե բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող նախագիծն իրականում բարենպաստ պայմաններ է ստեղծում ՀՀ-ում առցանց և բուքմեյքերական գրասենյակների միջոցով գործունեություն ծավալող ամենախոշոր՝ «Վիվառո» ընկերության համար, որը շուկայի մոտ 80 տոկոսին է տիրապետում: Բուքմեյքերական գրասենյակների փակվելու և միջազգային նմանատիպ կազմակերպությունների հասանելիությունը արգելելու արդյունքում՝ լիակատար պայմաններ են ստեղծվում «Վիվառոյի» համար՝ մոլախաղերը տեղափոխելով առցանց հարթություն։ Ավելին, լուրեր են շրջանառվում, որ ի սկզբանե Ա. Սիմոնյանի ներկայացրած օրինագիծը գրվել է հենց «Վիվառոյի» իրավաբանների կողմից և բխում է հենց նրանց շահերից։
«168 Ժամի» տեղեկություններով՝ նախագիծը հետագայում այլ շրջադարձ է ունեցել և ԱԺ է ներկայացվել «Վիվառոյին» «հարվածելու» նպատակով: Ընդ որում՝ այդ մղումը, ըստ մեր աղբյուրների, ծնվել է ներիշխանական «բախումների» հետևանքով:
Խնդիրն այն է, որ Ալեն Սիմոնյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել «Վիվառոյի» հիմնադիրներ Վիգեն և Վահե Բադալյան եղբայրների հետ, վերջիններս խոշոր աջակցություն են ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած թավշյա հեղափոխությանը՝ թե՛ ֆինանսապես, թե՛ տեխնոլոգիապես:
Ընդ որում, «Վիվառոն» մշտապես օգտվել է նաև նախկին՝ ՀՀԿ-ական իշխանությունների հետ սերտ հարաբերություններից։ Ի դեպ, հիշեցնենք, որ 2017թ. կառավարությունը որոշում կայացրեց «Նորք հոգեբուժական կենտրոնից» տարածք և անշարժ գույք օտարել. մասնավորապես՝ «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի ձևով օտարեց 6843 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.766 հեկտար մակերեսով հողամասը: 2017թ. նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է 868 մլն դրամ, իսկ հողամասի կադաստրային արժեքը՝ 455 մլն դրամ:
Օտարված տարածքում «Հին Նորք» բիզնես կենտրոնի» և «Սոֆթ Կոնստրակտի» ներդրումներով կառուցվելու էր բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն։ «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ն հիմնադիրների մասով փոխկապակցված էր մեկ այլ ընկերությանը՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը, ըստ ԶԼՄ-ների, Անգլիայի Մեն կղզում գրանցված մեկ այլ ընկերություն է՝ «Սոֆթ կոնսթրաքթ լիմիթիդը»:
Ըստ hetq.am-ի «Սոֆթ Կոնստրակտի» տնօրենը Հարություն Համբարձումյանն է, ով «Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպության ղեկավարների խորհրդի անդամ է, 2008-ից «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, իսկ 2015թ.-ից ղեկավարում է «Վիվառո Գեյմը», որը զբաղվում է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմամբ, և նույն թվից «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության ղեկավարն է, որն էլ խաղային բիզնեսին ծրագրային ապահովում մատակարարող ընկերություն է:
Այդ օրերին բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ «Նորք» հոգեբուժական կենտրոնը վերածվելու է «Վիվառոյի» գրասենյակի. ահռելի տարածքը՝ շենք-շինություններով, հողատարածքով, սպասարկելու է բուքմեյքերական ընկերությանը:
Դեռևս նախորդ գումարման խորհրդարանում ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը շրջանառության մեջ էր դրել «Վիճակախաղերի մասին» օրենքի փոփոխության նախագիծ, որով ընդհանրապես ՀՀ տարածքում արգելվում էին վիճակախաղերը: Նախագիծն այն ժամանակ մերժվեց: Սակայն, քանի որ այն ուներ հասարակության լայն զանգվածների աջակցությունը, «Վիվառոն» փորձեց նոր կառավարության հետ ավելի մտերմացնել հարաբերությունները, որպեսզի թույլ չտա օրենքի հնարավոր նոր շրջանառությունը: Մեր աղբյուրների պնդմամբ՝ եղբայրները դիմել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին՝ ստանալու նրա աջակցությունը:
Ի դեպ, խոշոր ընկերությունները նոր իշխանությունների շրջանում փորձում են որոշակի «տանիքներ» գտնել, որպեսզի առաջ մղեն իրենց բիզնես շահերը։ Այդպիսով, «Վիվառոյի» սեփականատերերը շրջանցեցին իրենց մտերիմ ընկեր Ալեն Սիմոնյանին, որի շնորհիվ նրանք մոտեցել էին «թավշյա հեղափոխականներին»։ Տեղեկանալով այս մասին՝ Ալեն Սիմոնյանը շտապել է ԱԺ ներկայացնել վիճակախաղերը սահմանափակող իր նախագիծը:
Մի առիթով վերջինս նշել էր, որ «Վիվառոն» մեծ դիրք է զբաղեցնում առցանց շուկայում և գրասենյակներում, և եթե օրենքի փոփոխությունների արդյունքում մեկ ուրիշ կազմակերպություն կորցնում է, օրինակ, 5 գրասենյակ, ապա «Վիվառոն» կորցնում է 50 գրասենյակ:
«Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխությունների և «Վիվառոյի» վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք Ալեն Սիմոնյանին և բավականին անկեղծ պատասխաններ ստացանք:
– Ասում են՝ Ձեր օրինագծով «Վիվառոյի» համար լավ պայմաններ եք ստեղծում:
– Ոչ, «Աջարաբեթի» համար են ամենալավ պայմանները ստեղծվում, քանի որ այդ կազմակերպությունը որևէ գրասենյակ չունի, ամբողջությամբ համացանցային է, ուստի ո՛չ նրա իրականացրած ծախսն է կորում, ոչ որևէ բան է փոխվում նրա կյանքում:
– Իսկ «Վիվառոն» ի՞նչ վիճակում է հայտնվում:
– Նույն վիճակում, ինչ «Տոտոն», որովհետև ինքն ավելի շատ է տուժում, քանի որ ավելի շատ գրասենյակներ ունի: Եվ ինձ համար մեկ է՝ ով լավ վիճակում կհայտնվի, ով՝ վատ վիճակում, որովհետև խնդիրը սրան-նրան օգնել կամ վատաբանելը չի: Խնդիրը կա՝ խաղամոլությունն է, խոցելի խմբերն են, և հիմա եթե մեկն ավելի շատ այցելու ունի կայքում, մյուսը՝ գրասենյակում, դա արդեն իրավիճակի բերումով է:
– Մեր տեղեկություններով, սակայն, օրինագիծը հատուկ «Վիվառոյի» դեմ է ուղղված՝ անձնական հողի վրա:
– Ես անձնական հարաբերություններ ունեմ նաև «Տոտոյի» սեփականատերերի հետ:
– Այո, բայց «Վիվառոյի» սեփականատերերի հետ նախկինում լավ հարաբերությունների վատթարացման հետևանք է:
– Հիմա վատ է հարաբերություններս, հա՞:
– Այդպես չէ՞:
– Կարող է և այդպես լինել:
– Այսինքն՝ չեք հերքո՞ւմ:
– Չեմ հերքում, որ հարաբերություններս այդքան էլ լավ չեն, որքան նախկինում:
– «Վիճակախաղերի մասին» նման օրինագիծ նախորդ խորհրդարանում Սամվել Ֆարմանյանն էր ներկայացրել, որ չընդունվեց:
– Ոչ, Ֆարմանյանն առաջարկում էր ընդհանրապես նման գործունեությունը Հայաստանի տարածքում արգելել: Իսկ դա անհնար է:
– Լավ, ինչո՞ւ պիտի Երևանում և ՀՀ մյուս քաղաքներում արգելվի, իսկ այդ 4 քաղաքներում թույլատրվի:
– Այդ քաղաքների ընտրությունը 2 հանգամանքով է պայմանավորված՝ առաջինը՝ որպեսզի սև շուկա չառաջանա, և երկրորդը՝ հաշվի առնելով, որ այդ քաղաքներում արդեն իսկ թույլատրված է խաղատների գործունեությունը, որովհետև դրանք համարվում են զբոսաշրջիկների համար գրավիչ: Տրամաբանական է, չէ՞, շարիկի կամ խաղային ապարատի քմահաճույքին թույլատրելը և, ենթադրենք, ֆուտբոլային խաղի վրա չթույլատրելը: Ինչպես նաև օրենքում, դա բաց չանվանեմ, բայց անհնար է այդ կազմակերպությունների գործունեությունը, եթե դրանք գոնե մեկ գրասենյակ չունեն:
– Հնարավո՞ր է՝ դրույթ մտցվի և թույլատրվի խոշոր տուրքի դեպքում գործել Երևանին մոտ, ինչպես նախկինում, օրինակ, եղավ Գագիկ Ծառուկյանի խաղատան պարագայում:
– Ոչ, դա բացառված է, ես դրան դեմ եմ, և երբևիցե հնարավոր չի նման բան:
Ի դեպ, նշենք, որ կան նաև այլ կարծիքներ, որ չի բացառվում՝ այս «հակամարտությունը» քողարկված բլեֆ է, որպեսզի «հասարակական շահի» անվան տակ կարողանան ԱԺ կողմից քվեարկությամբ այն անցկացնեն։ Բնականաբար, երբ օրինագիծը քննարկվի ԱԺ-ում, բուքմեյքերական մյուս ընկերություններն իրենց կարծիքը կհայտնեն՝ անդրադառնալով թե՛ Ալեն Սիմոնյանի և ներկայիս կառավարության առանձին անդամների ու «Վիվառոյի» կապերին, և թե՛ հարցին, թե այս օրինագծով իրականում ում շահերն են սպասարկում ներկայիս իշխանությունները։
Եվ, որ դրանք մեծ հաշվով կապ չունեն հասարակական շահերի հետ. Արտաքուստ ցույց կտրվի, որ փակվել են բուքմեյքերական գրասենյակները, իշխանություններն այդ կապակցությամբ իրենց PR դիվիդենտները կքաղեն, իսկ մոլախաղերը կտեղափոխվեն «անտեսանելի»՝ ինտերնետ տիրույթ՝ զուգահեռ արգելելով միջազգային նման կազմակերպությունների հասանելիությունը։