«Պետք չէ քաղաքի կենտրոնում կամ «տեցի կռուգում» տարածք փնտրել»
Դեռևս նախորդ տարվա նոյեմբերին Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ այսուհետև Երևանի մնջախաղի պետական թատրոնը կունենա նոր շենք։
Նրա խոսքով՝ նոր շենքը ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցներից մեկն է, որի լուծարումն ընթացքի մեջ է, ավարտելուց հետո կտրվի թատրոնին, որտեղ կարող է տեղակայվել ոչ միայն Մնջախաղի թատրոնը, այլև Մնջախաղի կենտրոնը։
Նշենք, որ թատրոնի նոր տարածք պետք է տրվեր Մոսկովյան 5 հասցեում գտնվող՝ նախկին հանրապետական զինկոմիսարիատի շենքում։ Սակայն մայիսի սկզբին մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Պաշտպանության նախարարությունը հրաժարվել է տվյալ տարածքը տրամադրել Մնջախաղի թատրոնին։
Մեզ հետ զրույցում Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ասաց, թե մամուլից է տեղեկացել, որ Պաշտպանության նախարարությունը տվյալ տարածքն իրենց չի կարող տրամադրել, պաշտոնապես որևէ մեկն այդ մասին իրենց չի տեղեկացրել։
Ժիրայր Դադասյանն իրատեսական չի համարում, որ Մշակույթի նախարարությունը կարող է Երևանում թատրոնի համար նոր տարածք գտնել, քանի որ նախորդ տարածքը գտնելու համար մոտավորապես 2-3 ամիս փնտրտուքների մեջ են եղել։
«Ես մեկ առաջարկ ունեմ, քանի որ մենք ունենք գումար և տարածք, խոսքը նախկին Գրապալատի տարածքի մասին է, որը 2017 թվականից մեզ է պատկանում, նույնիսկ տարածքի սեփականության վկայականն ունենք, թող մեր գումարը տան, այդ տարածքը բարեկարգենք, որը կդառնա թատրոնի նոր շենքը։
Նախկինում այդ տարածքը, ըստ նախագծի՝ պետք է ունենար առանձին մուտք, հիմա մենք չենք ուզում ո՛չ շենքին առանձին մուտք անենք, ո՛չ այն բարձրացնենք, որպեսզի հուշարձանի տեսքը չխաթարվի։ Մեր հասանելիք գումարով թող ներսի մասը վերանորոգեն, մենք տեղափոխվենք ու այնտեղ աշխատենք։ Իմ նշած գումարը նախատեսված է եղել դեռևս 2017 թվականից, մոտավորապես 50 մլն դրամ, նախկին Քաղաքաշինության կոմիտեն նախատեսել էր, որ այդ գումարով պետք է մեկնարկեր շենքի վերանորոգումը։ Այսինքն՝ բյուջեով մեր թատրոնի համար նախատեսված է եղել այդքան գումար»,- ասաց Ժիրայր Դադասյանը։
Նրա խոսքով՝ շատ բան չեն ուզում, միայն ցանկանում են իրենց հասանելիք գումարով իրենց պատկանող տարածքը վերանորոգել և անցնել նորմալ աշխատանքի։ Ավելին, պատրաստ են շենքի արտաքին տեսքը չփոխել, միայն ներսում կկատարեն վերանորոգման աշխատանքներ։
Հիշեցնենք, որ 2017 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ Ազգային գրապալատը միացվել էր Ազգային գրադարանին, իսկ Գրապալատի տարածքը տրամադրվել Երևանի մնջախաղի պետական թատրոնին, որը վերակառուցվելուց հետո իր դռները հանդիսատեսի առջև պետք է բացեր 2019 թվականին։ Սակայն Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Մշակույթի նախարարությունը հայտարարեց, որ Գրապալատի շենքը մշակութային հուշարձան է, և նրա տեսքը չպետք է խաթարվի, ուստի պետք է այդ շենքը մնա իր նախնական տեսքին, իսկ թատրոնի համար տրամադրեն նոր տարածք։
Ժիրայր Դադասյանի դիտարկմամբ՝ այսօր Հայաստանի մշակութային ոլորտը ղեկավարող անձանց հետ շփվում են մամուլի միջոցով, քանի որ ամեն անգամ զանգահարում է Մշակույթի նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, բայց նշում են, որ բոլոր հարցերին լիազորված է պատասխանելու միայն մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, ով սովորաբար տեղում չէ։
«Մեր ստեղծագործական գործունեությունը երբեք կանգ չի առել, մեր ճակատին գրած չի եղել, որ պետք է ամբողջ օրը նվիրենք շենքի հետ կապված խնդիրներին, բայց այդպես է ստացվել։ Պայքարելու ենք, պետք չէ քաղաքի կենտրոնում կամ «Տեցի կռուգում» տարածք փնտրել, մենք ունենք տարածք, թող այն մեզ տան՝ գործունեությունը ծավալենք։
Օրերս մեզ զանգահարել էին Կենտրոնի թաղապետարանից ու տեղեկացրել, որ քաղաքացիները «թեժ» գծից զանգահարել ու ասել են, որ այդ տարածքի վերևից քարեր են թափվում, այսինքն՝ հուշարձանի քարերը թափվում են։ Զգուշացրեցին, որ միջոցներ ձեռնարկենք, ես էլ պատասխանեցի, որ միջոցներ թող Մշակույթի նախարարությունը ձեռնարկի։ Մեր նախագծով այդ շենքը պետք է նաև ամրացվեր։ Մենք ընդհանրապես չգիտենք, թե Մշակույթի նախարարությունն ինչ է անում, մարդիկ գնում են գործի՝ ի՞նչ են անում, սա ամենաաղմկահարույց խնդիրներից մեկն է»,- ընդգծեց Ժիրայր Դադասյանը։
Նշենք, որ զանգահարեցինք նաև Մշակույթի նախարարություն, սակայն մեզ պատասխանեցին, Նազենի Ղարիբյանը գործուղման է, և Մնջախաղի թատրոնի հետ կապված հարցերին կարող է միայն նա պատասխանել։
Վերադառնալուց հետո կներկայացնենք նաև Նազենի Ղարիբյանի տեսակետը։
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ