Փաշինյանը պետք է պարզաբանի՝ ի՞նչ դավադրության մասին է խոսքը

Հայաստանի դատաիրավական համակարգի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի առանցքային կետերից մեկն ապրիլյան պատերազմին և Արցախի վերաբերյալ անդրադարձն էր։

«Չնայած բոլորիս ակնհայտ է, որ մեր երկրում գործած համակարգային կոռուպցիայից Արցախի մեր հայրենակիցները հաճախ ավելի շատ են տուժել, բայց այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար: Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ՝ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ձեռնարկելու է ամենակոշտ միջոցները այդ դավադիր մտադրությունները արմատախիլ անելու համար:

Ըստ վարչապետի՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու համարը, որը մի շարք հուզող հարցերի պատասխաններ պետք է տա:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու հետ կապված վարչապետի խոսքն ընդունում են ի գիտություն և ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի հարցը:

«Այդ հարցը Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում կքննարկվի, և միջոցներ կձեռնարկվեն»,- ասել է Մակունցը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը «168 ժամի» հետ զրույցում տեղեկացրեց, որ հանձնաժողովի նիստ է նշանակված արդեն այսօր՝ մայիսի 21-ին, բայց օրակարգում նման հարց նախապես ընդգրկված չէ, գուցե որպես արտահերթ հարց քննարկվի։ Նա նշեց, որ խորությամբ չի տիրապետում, թե ինչ քննիչ հանձնաժողովի մասին է խոսել Ն.Փաշինյանը, չգիտի՝ կոնկրետ ինչ նպատակներ և ինչ խնդիրներ պետք է այն լուծի։

«Եթե ճշմարտության բացահայտման հանձնաժողով պետք է լինի, որ փաստերը ուսումնասիրենք, հասկանանք՝ քրեական գործի հարուցման համար հիմքեր կա՞ն, թե՞ ոչ, եթե վեր է հանելու հնարավոր հանցագործությունները, ապա ողջունելի է, և պետք է օգնենք, որ Հայաստանում որևէ արարք, որը հանցագործություն է համարվում, անպատիժ չմնա, իսկ պատասխանատուներն էլ անպայման համապատասխան արդարադատության առջև կանգնեն»,- ասաց Տ.Սիմոնյանը։

Անդրադառնալով պատերազմ հրահրելու և անգամ որոշ տարածքներ հանձնելու դավադրության մասին հայտարարությանը՝ ԼՀ պատգամավորը կարևորեց ազգային և ներքաղաքական հարցերի տարանջատումը.

«Չգիտեմ՝ կոնկրետ ինչ տեղեկատվության է տիրապետում պարոն Փաշինյանը, բայց միանշանակ ազգային հարցերը պետք է տարանջատել ներքաղաքական հարցերից։ Եթե ինչ-որ մեկի մտքով անգամ անցնում է Հայաստանն ու Արցախը տարանջատել, նա, ըստ էության, ազգային դավաճանություն է կատարում, և այստեղ շատ խիստ պետք է լինենք։

Այն հարցերը, ինչ քննարկում ենք՝ արդար դատավարություն, դատական իշխանություն, իշխանությունների տարանջատում, դրանք ներքաղաքական հարցեր են, իսկ հայ ժողովրդի 2 հատվածների՝ արցախյան և հայաստանյան հասարակությունները տարանջատելը, ինչ-որ առումով սեպ խրելը նրանց միջև կամ Արցախի հայանպաստ լուծման դեմ ցանկացած քայլ պետական դավաճանությանը հավասարարժեք արարք է։ Դրա համար, կարծում եմ, եթե առկա է նման տեղեկատվություն, և պարոն Փաշինյանը տիրապետում է այդ տեղեկատվությանը, ապա ուղղակիորեն պետք է օր առաջ կանխվեն նման հնարավոր զարգացումները»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի կարող մեկնաբանել, թե ինչ դավադրության մասին է խոսել վարչապետը. «Եթե Փաշինյանն այդպիսի հայտարարություն է անում, պետք է մի քիչ մանրամասներ, որ մենք հասկանայինք՝ ում կամ ինչի մասին է խոսքը։ Քանի դեռ չի մանրամասնել, ես այստեղ գուշակություններ անելու նպատակահարմարություն չեմ տեսնում»։

Քննիչ հանձնաժողովի ստեղծման կապակցությամբ Գ.Պետրոսյանը նշեց, որ, եթե մի բան բխում է մեր հանրությանը հետաքրքրող հարցեր պարզելու անհրաժեշտությունից, բնականաբար, իրենք չեն կարող դեմ լինել։ Սակայն միաժամանակ պատգամավորը նկատեց.

«Բայց ախր ապրիլյան պատերազմի բացահայտումն Ազգային ժողովի խնդիրը չէ։ Մենք ունենք իրավապահ մարմիններ, և եթե իրավապահ մարմիններն ամեն անգամ լինեն իրենց դիրքում, շատ դեպքերում պետք էլ չի լինի նման հանձնաժողովներ ստեղծելը և քննելը։ Այլապես իրենք ինչի՞ համար են ծառայում»։

Տեսանյութեր

Լրահոս