«Տպավորություն է, որ որոշ ուժեր Փաշինյանին ինչ-որ տեղ են քաշում, նա փորձում է պատասխանատվության մի մասը դնել Ղարաբաղյան կողմի վրա»․ Տարասով

Հարցազրույց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ

– Պարոն Տարասով, այս օրերին հետևել եք հայաստանյան ներքին իրադարձություններին, որոնք ուղղված են դատական իշխանության ոլորտում բարեփոխումներին։ Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցողը։

Ցանկացած հեղափոխություն ունի իր ժանրը, իր էպիզոդները՝ արտաքին թշնամի, դավադրություններ, և այլն։ Այսինքն՝ այս կերպ գործում է այն իշխանությունը, որը նպատակ ունի ոչ թե լուծել համահասարակական խնդիրները, այլ պահել իր ազդեցությունը։ Նիկոլ Փաշինյանը, մեկ տարի է՝ իշխանություն է, դատական համակարգն իշխանության ամենակարևոր ճյուղերից մեկն է, և այդ ոլորտում բարեփոխումները պետք է նախաձեռնվեին ամենաառաջին հերթին։

Վարչապետը դա չարեց, հին համակարգը շարունակեց աշխատել՝ բազում գործեր եղան, ինչպիսիք են՝ Խաչատուրովի, Սարգսյանի հարազատների թեման… էլի եղան մարդիկ, որոնք մեղադրվեցին այս կամ այն գործով, այսինքն՝ դատարանները գործում էին, և Փաշինյանը հարցեր չուներ։ Հենց դատարանն ազատ արձակեց Քոչարյանին, նա միանգամից հայտարարեց այդ ոլորտում ճգնաժամի մասին։ Դա նշանակում է, որ, իհարկե, ճգնաժամ կա, բայց դա ունի աշխարհայացքային բնույթ, նա ցանկանում էր, որ դատարանները լինեին լիբերալ, սակայն ենթարկվեին իր կամքին։

Եթե նա այդքան հետևողական լիբերալ դեմոկրատ էր, եթե դատարանը որոշում է կայացրել, իսկ նա մինչ այդ չէր հասցրել իրականացնել բարեփոխումներ և հիմա ընդգծում է, որ պետք է իրականացնել բարեփոխումներ, բարեփոխումներ կարող է իրականացնել, ո՞վ է խոչընդոտում՝ Մոսկվա՞ն, թե՞ Վաշինգտոնը։ Նշանակում է՝ ուշացել է, ուրեմն դատական համակարգի ճգնաժամը կառավարման ճգնաժամ է, դա շատ վտանգավոր միտում է, քանի որ դա ողջ կառավարման համակարգում կարող է քաոսի հանգեցնել։

Խոսեմ նաև Քոչարյանի մասին: Այս հարցում Մոսկվան ոչ թե Քոչարյանին է անձնապես աջակցում, այլ օրենքը։ Նախագահներն օգտվում են անձեռնմխելիությունից, սակայն Քոչարյանի դեպքում խախտվել է այդ օրենքը։ Փաշինյանն իրականացնում է վենդետա մի իրավիճակում, երբ պետք է բարեփոխումներ իրականացնի, մեկ տարի է անցել, Կառավարությունը պետք է հաշվետվություն ներկայացնի, թե ինչ է արել։

Կառավարությունը ՀՀ-ում հեղափոխությունից մեկ տարի անց ներկայացրեց 100 փոփոխություն։

– Բայց կարի մեքենայի գործարանի կամ ինչ-որ այլ բաների մակարդակում… դա հաշվետվություն չէ, պետք է լուրջ բարեփոխումներ իրականացնել, այնինչ ներքաղաքական ապակայունացում ստեղծելով՝ վախեցնում է ներդրողներին։

– Պարոն Տարասով, ՀՀ վարչապետը խոսեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում դավադրության հնարավորության մասին։ Նա խոսեց ՀՀ-ում համակարգային կոռուպցիոն գործիչներից և նրանց ունեցած արցախյան կապերից, որ Արցախում ՀՀ կառավարության ու անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն է իրականացվում, որը վերլուծելով` դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը ՀՀ կառավարության վրա դնելու դավադիր նպատակ է տեսնում։ Հնարավո՞ր է նման բան ընդհանրապես։

– Լսեք, Ղարաբաղում մարդիկ պայքարում են, նրանք հայաստանցիների հետ միասին պաշտպանում են այն տարածքը, որը նրանք ուզում են պահել իրենց վերահսկողության տակ։ Երբ Փաշինյանն իր անձնական հրամանով ազատեց պաշտոնից Ղարաբաղի Պաշտպանության նախարարին, դա Ղարաբաղի ներքին գործերին միջամտություն էր, մյուս կողմից՝ նա նշում է, որ Ղարաբաղն առանձին տարածք է։

Սրանք երկակի, եռակի ստանդարտներ են, որոնք այդ հասարակության մեջ արդեն չեն էլ աշխատում։ Սա հրապարակախոսության կրիզիս է, ժանրի ճգնաժամ է, և ոչ թե՝ քաղաքականություն։ Նա փակուղում է հայտնվել, բայց դրանից դուրս գալ է հարկավոր, որովհետև արդեն աջակցության մակարդակը նախկինը չէ, այս անգամ մարդիկ դուրս եկան իր կոչի ետևից, բայց ոչ այն թափով, ինչ անցյալ տարի գարնանը: Ավելին՝ շատ մարմիններ, այդ թվում՝ նախագահը, կոչ արեց հետևել օրենքի տառին։ Նա քիչ-քիչ հայտնվում է մեկուսացման մեջ։ Ո՞վ է Ղարաբաղում դավադրություն կազմակերպում՝ Ռոբերտ Քոչարյա՞նը։ Նրա ազատ արձակումն օրինական էր 100 տոկոսով, նա չի փախչում, չէ՞, դատաքննությունից, նա պարզապես նստելու է տանը և մասնակցելու է դատական նիստերին, պարզապես նրա խափանման միջոցն է փոխվել։

Ուրեմն՝ Փաշինյանը զգուշանում է Քոչարյանից, նրա ազդեցությունից, չնայած, սոցհարցումների համաձայն, Քոչարյանը չունի ազդեցություն, բայց նա զգուշանում է, որից հետևությունն այն է, որ իշխանությունը բոլոր ցուցանիշներով ապրում է քաղաքական ճգնաժամ, իշխանության ճգնաժամ։ Կամ՝ Բակո Սահակյա՞նն է դավադրություն կազմակերպում, որքան ինձ հայտնի է, առավոտյան նրանք հանդիպել են, Սահակյանը փորձում է շփման եզրեր գտնել ՀՀ իշխանությունների հետ։ Արկադի Ղուկասյանի հետ Բակո Սահակյանը հանդես եկավ՝ որպես երաշխավոր, քանի որ Քոչարյանը ԼՂՀ առաջին նախագահն է եղել, եթե նրան անվանում են հանցագործ, ոչնչացնում են ԼՂ ողջ պատմությունը։

– Թեև ՀՀ վարչապետը նշում է, որ երկու ժողովուրդների միջև հակասություններ սերմանելու միտումներ կան, այս մեղադրանքով այդ հակասությունների սրման վտանգն է՛լ ավելի է խորանում։ Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նման մեղադրանքները։

– Տպավորություն է ստեղծվում, որ Ղարաբաղը դադարել է լռել։ Ղարաբաղը նկատել է երկակի խաղ, առաջին հերթին՝ Ղարաբաղյան ուղղությամբ։ Դիտարկեք Փաշինյանի ղարաբաղյան վերջին բոլոր հայտարարությունները՝ չկա տրամաբանություն։ Հարցն այն չէ, որ նա ճիշտ կամ սխալ է ասում, այլ հնարավոր չէ տրամաբանական թել կառուցել։ Ասել, որ ղարաբաղցիները կարող են սադրել պատերազմ ու տարածքներ հանձնել, չի կարելի, նրանք դա երբեք թույլ չեն տա։ Եթե Ղարաբաղը քո տարածքը չէ, ինչո՞ւ ես նկատողություն անում ԼՂՀ նախագահին։ Եթե դա դիտարկվում է հայկական տարածք, ուրեմն այլ կերպ է պետք գործել։

– Այս հայտարարությունից հետո կարծիք կա, որ հայկական կողմը կարող է գնալ այդ ճանապարհով՝ մեղավորությունը դնելով Արցախի վրա։ Այս կարծիքների մասին ի՞նչ կասեք։

– Դա հիմնավորումներից զուրկ չէ, քանի որ շատ անհետևողական քաղաքականություն է վարվում Ղարաբաղյան ուղղությամբ։ Ես շատ եմ ասել, որ մի շարք զարգացումներից տպավորություն եմ ստանում, որ կա պրոյեկտ, կա ծրագիր, դա Ղարաբաղյան կողմը նկատում է, Ղարաբաղը զգում է, որ իր մեջքի ետևում ինչ-որ բան է կատարվում։

Հիշենք ներքաղաքական զարգացումների ամենաթեժ փուլում Ադրբեջանի պահվածքը՝ Ադրբեջանն աջակցեց Փաշինյանին, Դուշանբեի համաձայնությունը եղավ, իսկ հիմա ադրբեջանական կողմը դիտարկում է, որ ժամանակավոր շունչ քաշելու շրջանը Փաշինյանի համար ավարտվեց, և հստակ պայմաններ են առաջ քաշում։ Տպավորություն է, որ որոշ ուժեր նրան ինչ-որ տեղ են քաշում, նա փորձում է պատասխանատվության մի մասը դնել Ղարաբաղյան կողմի վրա։ Տարանջատում է մտել՝ հայաստանցիներ, ղարաբաղցիներ։ Դա լավ չէ։

Տեսանյութեր

Լրահոս