«Ժողովուրդն է որոշում՝ ինչպես հավաքվի, որտեղ հավաքվի՝ լսելով վարչապետի կոչը». Վլադիմիր Կարապետյանը՝ Փաշինյանի կոչի մասին
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտարարելով, որ վաղն առավոտյան ժամը 08:30-ից արգելափակում են հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի, իսկ ժամը 12:00-ին իր ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում:
«Վաղը ժամը 12.00-ին կհայտարարեմ Հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարեւոր փուլի մեկնարկը: Ակնկալում եմ համաժողովրդական աջակցություն»,- նաև գրել է Ն.Փաշինյանը՝ մեկ այլ գրառմամբ նշելով, որ վաղը հանդես է գալու կարևոր հայտարարությամբ՝ դատաիրավական համակարգում հաստատված իրավիճակի և այս ասպարեզում ևս ժողովրդի իշխանությունը հաստատելու մասին:
168.am-ը ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեց՝ դա ինչպե՞ս կազդի ճանապարհային երթևեկության վրա, արդյոք ճանապարհներ ևս փակվելո՞ւ են, դպրոցականները կկարողանա՞ն անխոչընդոտ հասնել իրենց դպրոցներ:
«Ինչպես նշել է պարոն վարչապետը, դա վերաբերում է դատարաններին»,- ասաց Վ.Կարապետյանը:
Դիտարկմանը, հնարավո՞ր է, որ նույն դատարանների մոտ մարդկանց քանակը շատանա ու ճանապարհները նույնպես փակվեն, Կարապետյանը պատասխանեց. «Սա ժողովրդի իշխանությունն է, որտեղ մարդիկ շատ հավաքվեն, հնարավոր է, մենք գրանցենք նման իրադարձություն: Ժողովուրդն է որոշում՝ ինչպես հավաքվի, որտեղ հավաքվի՝ լսելով վարչապետի կոչը»:
Հիշեցնենք, որ երեկ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշեց փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ:
Կալանքը փոխելու հարցով անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը:
Վաղը Մարտի 1-ի գործի կապակցությամբ որևէ դատավարություն նշանակված չէ: