«Եթե պատերազմ չլինի, սահմանը չի փակվի». Ռուբեն Սաֆրաստյանը՝ Մամեդյարովի հայտարարության մասին
Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հնարավոր երկխոսության, տարածաշրջանում ռազմական գործողությունների հավանականության և հայ-իրանական սահմանի փակման վտանգի մասին ենթադրություններին:
«Առաջին անգամ վերջին շրջանում նշմարվում են թույլ նախանշաններ, որոնք վկայում են ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև սկսվող հնարավոր երկխոսության մասին»,- հայտարարեց Սաֆրաստյանը՝ նկատի ունենալով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի այցը Սոչի։
Անդրադառնալով ամերիկյան լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությանը, թե ԱՄՆ-ը պատրաստվում է 120.000 զինվորական ուղարկել տարածաշրջան՝ Սաֆրաստյանը նկատեց, որ այն իրատեսական չէ.
«Հայտարարվել է, որ ամերիկացիներն ուժեղացնում են իրենց ռազմածովային ուժերը, որոնք տեղակայված են Իրանի երկայնքով: Կարծում եմ, որ այս հաղորդագրություններին պետք է մոտենալ հետևյալ տեսանկյունից՝ ո’չ ԱՄՆ-ը, ո’չ էլ Իրանը պատերազմ չեն ցանկանում: Ամերիկացիները նպատակ ունեն ուժեղացնել ճնշումն Իրանի ղեկավարության վրա և փորձել հասնել որոշակի փոփոխությունների արտաքին քաղաքականության բնագավառում»։
Սաֆրաստյանը խոսեց նաև Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի՝ Բրյուսելում հայ լրագրողներին տված հարցազրույցում արված հայտարարության մասին, թե՝ Հայաստանի սահմանները չորս հարևաններից երկուսի հետ փակ են, իսկ «երրորդը, ուր որ է, կփակվի»։
Ադրբեջանցի նախարարը, թերևս, ակնարկել է Հայաստանի և Իրանի սահմանը` նկատի ունենալով Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմի հնարավորությունը:
Ռ. Սաֆրաստյանի խոսքով՝ այդ հեռանկարն իրականություն կդառնա, եթե սկսվեն լայնածավալ ռազմական գործողություններ.
«Եթե պատերազմ չլինի, սահմանը չի փակվի: Այո, ԱՄՆ-ը ամեն կերպ փորձում է մեկուսացնել Իրանին, բայց նաև հաշվի է առնում Հայաստանի շահերը, որի համար Իրանի հետ սահմանն ունի կենսական նշանակություն: Ես կարծում եմ, որ պատժամիջոցները և ճնշումներն ուժեղացնելու քաղաքականության ընթացքում ԱՄՆ-ը հաշվի կառնի ՀՀ-ի շահերը»։
Հիշեցնենք, որ որ դեռևս անցյալ տարի Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարել էր, թե «հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով»։
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան