«Հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել». Նիկոլ Փաշինյան
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ այս պահին Հայաստանն ունի երկու կիսաբաց սահման. «Հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով։ Հայ-վրացական սահմանը դե ֆակտո կարող է փակվել, օրինակ՝ վատ եղանակային պայմանների պատճառով, աշխարհաքաղաքական պայմանների պատճառով։ ՀՀ-ն կղզի է՝ առանց ծովի։ Այս պայմաններում ինչպե՞ս պետք է վարվի ՀՀ-ն։ Հիմա հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված՝ պետք է նույնն ասեմ, ինչ միշտ է ասվել՝ ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»։
Փաշինյանը խնդրեց՝ որևէ մեկը որևէ կերպ չմեկնաբանի, թե նման դիրքորոշմամբ Հայաստանի իշխանությունը նսեմացնում է 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը. «Ցեղասպանության ճանաչման հարցը մեզ համար ու մեր ընկալմամբ հայ-թուրքական հարաբերություններում խնդիր չէ, դա ոչ միայն մեր, այլև միջազգային անվտանգության խնդիր է»։
Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների բացել հայ-թուրքական սահմանը։ «Ըստ էության, սահմանը մեր կողմից փակ չէ։ Սահմանը փակ է Թուրքիայի կողմից, ու Թուրքիայի կողմից փակ է արցախյան հակամարտության պատճառով. դա վատ քաղաքականություն է, որովհետև, եթե որևէ մեկը հույս ունի Հայաստանի Հանրապետությանը, Ղարաբաղի ժողովրդին հարկադրանքի և սպառնալիքի ճանապարհով մղել Ղարաբաղյան հարցի կարգավորման այս կամ այն տարբերակին, ինքն ուղղակի սխալվում է։ Ես ուզում եմ, որ բոլորս սա արձանագրենք»,- ասաց նա։
«Այո՛, մենք պատրաստ ենք հարցի կարգավորման շուրջ բանակցային գործընթացին, բայց բացառում եմ, որ մեր կառավարությունը և մեր ժողովուրդը հարկադրանքի, սպառնալիքի, շրջափակումների գործադրմամբ կարող է որևէ քայլ անել։ Ընդհակառակը՝ մենք այդ պայմանների գործադրմամբ ավելի կամրանանք, կհամախմբվենք և ի վերջո կհասնենք մեր ազգային նպատակներին»,- եզրափակեց Փաշինյանը։