Բրիտանական հեռուստաշոուն եթերից հանել են մասնակցի մահվան պատճառով
Մեծ Բրիտանիայում առավել մեծ ժողովրդականություն վայելող հեռուստատեսային հաղորդումներից մեկը՝ The Jeremy Kyle Show-ն, անորոշ ժամանակով եթերից հանվել է դրա մասնակցի մահվան պատճառով, որը վախճանվել է հերթական թողարկման նկարահանումների ավարտվելուց մեկ շաբաթ անց: Այդ մասին հայտնել է ITV հեռուստաալիքը, որով 2005 թվականից եթեր է արձակվում այս հեռուստաշոուն:
«Բոլորը ITV-ում եւ The Jeremy Kyle Show-ում ցնցված են եւ վշտացած նոր թողարկման նկարահանումներից մեկ շաբաթ անց շոուի մասնակցի մահվան լուրից»,-ասել է հեռուստաալիքի մամուլի քարտուղարը, նշելով, որ «ճակատագրական» հաղորդումը չի ցուցադրվելու եթերով:
«Հաշվի առնելով տեղի ունեցածի լրջությունը՝ ITV-ն նաեւ որոշել է կասեցնել The Jeremy Kyle Show-ի ինչպես նկարահանումները, այնպես Էլ հեռարձակումը, որպեսզի անցկացվի հեռուստաշոուի տվյալ թողարկման վերլուծությունը»,-հավելել է հեռուստաալիքի ներկայացուցիչը:
The Jeremy Kyle Show-ի նպատակն է՝ ստի դետեկտորի եւ նույնիսկ գենետիկ փորձաքննության օգնությամբ որոշել կոնֆլիկտային եւ կենսական տարբեր իրավիճակնների իսկական պատճառները, որոնցում հայտնվել են հաղորդման հյուրերը:
Հաճախ դրա մասնակիցները հայտնվում են դեպրեսիվ վիճակում՝ վերապրելով զայրույթ եւ բարոյական տառապանքներ: Միջին հաշվով հաղորդման յուրաքանչյուր թողարկումն էկրանների առջեւ միլիոնանոց լսարան էր հավաքում, այսինքն՝ մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ հեռուստադիտողը դիտում էր այդ հեռուստաշոուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: