«Ընդամենն ասում ենք՝ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, ի՞նչ եք կարծում, դա բավարա՞ր է, որ ներդրողները գան». Սերգեյ Բագրատյան

«Այս պահին գյուղատնտեսությունը բավականին ռիսկային խնդիրների առջև է կանգնած այն պարզ պատճառով, որ տարիներ շարունակ իրենք ստացել են վառելիք, պարարտանյութ, կարողացել են սերմացու վերցնել՝ հետագայում վճարելու պայմանով, իսկ հիմա այդպես չէ: Այս պահին վարչապետը  շուկայի ազատականացման մրցակցային հնարավորության պայմաններում  հայտարարել է, որ պետության դերն ավելի շուտ պայման ապահովելն է, քան աջակցելը կամ միջամտելը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Սերգեյ Բագրատյանը:

«Գյուղատնտեսությունը բոլոր երկրներում միշտ աջակցության կարիք ունի, այն առաջնային ոլորտ է: Նույնիսկ ամենազարգացած երկրներում գյուղատնտեսությունը հաճախ դոտացիայի միջոցով փոխլրացվում է, որպեսզի կարողանա վերարտադրել: Գյուղատնտեսությունն ունի երկու բաղադրիչ՝ անվտանգություն և բիզնես: Եվ, եթե մենք որևէ բաղադրիչ անտեսում ենք, խնդիր ենք ունենալու»,- հավելեց պատգամավորը:

Սերգեյ Բագրատյանը նկատեց՝ գյուղացիները կարծես վարկային ռեսուրսների նկատմամբ վստահություն չունեն:

«Եթե պայմանականորեն զբաղվեն այգեգործությամբ, հնարավոր է՝ եղանակային պայմանների պատճառով խնդիրներ ունենան և  չկարողանան վարկերը սպասարկել: Նույն վտանգը գյուղացիները զգում են տավարաբուծության ոլորտում, որովհետև  տոհմային տավարաբուծության մեջ խորը գիտելիքներ են անհրաժեշտ, կերակրատեսակներ են պետք: Այստեղ խնդիրներ կան, որովհետև եթե որևէ վարկային ռեսուրս է հատկացվում, դրա մեջ հաշվի չեն առնում, օրինակ՝ կերի գումարի չափը»,- մանրամասնեց ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահը:

«Գյուղատնտեսության բոլոր ոլորտներն առնչվում են էներգետիկ ռեսուրսների հետ: Այս պահին ունենալով թանկ էներգետիկ ռեսուրսներ՝ գյուղատնտեսության մշակման արտադրության ոլորտում, բավականին թանկ ծառայություն ենք մատուցում: Արտադրվող արտադրանքը մրցունակության խնդիր ունի արտաքին շուկայում: Այն գյուղացիական  տնտեսությունները, որոնց համայնքային տարածքը գազիֆիկացված չէ, պետք է այլընտրանքային (արևային) էներգիա առաջարկվի, որպեսզի գյուղացիներն էժան էներգետիկ ռեսուրս ունենան»:

Ինչ վերաբերում է ոլորտում ներդրում կատարելուն՝ Սերգեյ Բագրատյանը նկատեց.

«Եթե մենք որևէ ներդրումային ընկերության առաջարկ չենք անում, ընդամենն ասում ենք՝ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, ի՞նչ եք կարծում, դա բավարա՞ր է, որ ներդրողները գան: Կարծում եմ, որ ոչ: Պետք է ներդրողն իմանա, որ գումար է դնում արևային էներգետիկայի ոլորտում, և այդ գումարը այս սակագնի, ազատության այս ռեժիմում և հարկային այս օրենսդրության պայմաններում հետ կստանա 7 տարի հետո, և շահույթը կդառնա ընկերությանը: Այսինքն, որոշակիություն, պարզեցված հարկային համակարգ է անհրաժեշտ: ԱԺ-ում վերջին ելույթում առաջարկեցի՝ խոշոր հարկատուներից բացի, մնացած ողջ  տարածքը դարձրեք պարզեցված շրջանառության հարկով հարկվող: Այլ հարկատեսակ պետք չէ առաջարկել: Քաղաքացին եթե ցանկանում է զբաղվել ձեռնարկատիրությամբ, պետք է հստակ հասկանա, որ 100 միավոր ապրանք վաճառելուց 7 միավորը պետք է վճարի՝ որպես հարկ»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս