Սերժի վարդերը, Նիկոլի մեխակները և Մեդվեդևի «անծաղիկ» այցը
Ինչպես հիշում եք՝ այս տարվա ապրիլի 2-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում անհասկանալի մի շարք պաշտոնանկություններ տեղի ունեցան։
Հիշեցնենք, Արթուր Սարգսյանը ազատվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից։
Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Մարգարիտ Ազարյանն ազատվեց վարչապետի աշխատակազմի Կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից։ Վերջինս ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մայրն է։
Զբաղեցրած պաշտոններից ազատվեցին նաև կառավարության իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանն ու Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանը, ով երկար տարիներ զբաղեցնում էր այդ պաշտոնը:
Վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը ևս ազատվել էր աշխատանքից։ 2011-2018 թվականներին Մխիթարյանն աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ էր, իսկ հեղափոխությունից հետո նշանակվել էր վարչապետի արարողակարգի պատասխանատու։
Այդ օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը լրատվամիջոցների հետ զրույցներում չէր մեկնաբանել պաշտոնանկությունները, այդ թվում՝ վարչապետի աշխատակազմի Իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանի ու Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանի պաշտոնանկությունների մասին տեղեկատվությունը։
Այն ժամանակ թե՛ 168.am-ը, թե՛ այլ լրատվամիջոցներ գրեցին, որ ապօրինի են այդ աշխատակիցների աշխատանքից ազատման որոշումները, քանի որ նրանք քաղծառայողներ են և կարող են ազատվել միայն սեփական դիմումների համաձայն։
Կառավարության աշխատակազմի ղեկավարի եփած «ճաշը»
Նշված բոլոր անձանց մասին կառավարության նախկին և ներկա աշխատակիցները մինչ օրս ափսոսանքով են խոսում, ասում են՝ լուրջ պրոֆեսիոնալներ էին։
Ինչպես ավելի վաղ նշել էինք՝ Արթուր Սարգսյանի և Ալեքսանդր Մխիթարյանի զբաղեցրած պաշտոնները հայեցողական էին։ Վերջինս վարչապետի աշխատակազմ գործուղված էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ)։ Որպես կանոն՝արտաքին կապերի ու արարողակարգի ղեկավարները հիմնականում ՀՀ Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) կադրերն են, որոնք գործուղվում են տվյալ կառույց, աշխատանքից ազատվելու դեպքում՝ վերադառնում են ԱԳՆ։
Այդ օրերին նրանց պաշտոնանկությունների մասին պաշտոնական վարկած շրջանառվեց, թեվարչապետի հանձնարարությունները պատշաճ չեն կատարել:
Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ որոշների ազատման պատճառը կապված է եղել Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների ղեկավարների նշանակման վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ ԱԺ ներկայացնելու և այդ նշանակումների ժամկետները խախտելու հետ:
Իրականում, խնդրի հիմնական պատասխանատուն վարչապետ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն է (ակումբների սիրահար դիջեյ Էդոն), որն այդ օրերին խուսափեց լրատվամիջոցների հարցերից։
Մարգարիտա Ազարյանը կարճ ժամանակ անց աշխատանքի անցավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմում, մյուսների մասին դեռ տեղեկությունները ճշտվում են։
Ի դեպ, Արթուր Սարգսյանից և Ամալյա Ենգոյանից հետո խաթարված են և՛ կառավարության աշխատակազմի, և՛ Ազգային ժողովի՝ կառավարության հետ աշխատանքները։
Ըստ հավաստի աղբյուրների՝ հեղափոխական անփորձ կադրերը կառավարության նիստից նիստ խայտառակ ցայտնոտային իրավիճակում են հայտնվում։ Բացի այն, որ հեղափոխություն-իշխանափոխությունից մինչ օրս դեռևս կառավարության նիստերի բոլոր օրակարգերը բառացիորեն լցվում են նախկին կառավարություններից մնացած բովանդակությամբ, քանի որ հեղափոխական կառավարությունը բառացիորեն անգործության է մատնված, ոչինչ չի անում և չգիտի՝ ինչ և ինչպես անել, այժմ արդեն նաև չգիտեն՝ ինչով լցնեն օրակարգը, ինչ հարցեր ներառեն, որպեսզի նիստը չտապալվի, այնուամենայնիվ տեղի ունենա։
Ավելին, քանի որ չունեն ինստիտուցիոնալ հիշողություն, շատ հաճախ նախկինում արդեն քննարկված հարցը նորից բերում են օրակարգ։ Խնդիրներ են առաջացել նաև Ազգային ժողովի ու կառավարության աշխատանքներում։
Օրերս տեղեկացրել էինք, որ կառավարությունում վերջերս պաշտոնանկ արված Հայկ Այվազյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցապահանջով դատարանը պիտի վիճարկի Տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին վարչապետի արձակած հրամանի իրավաչափությունը:
Հայցում Հայկ Այվազյանը միանգամից երեք պահանջ է ներկայացրել կառավարության դեմ՝ անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի հրամանը, վերականգնվել աշխատանքի, և դրամական փոխհատուցում ապօրինի հրամանի հետևանքով հարկադիր պարապուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար:
Հիշեցնենք, Հայկ Այվազյանի պաշտոնանկության պատճառը Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ ունեցած կոնֆլիկտն է եղել:
168.am-ը գրել էր, որ մինչ հեղափոխությունը հանրային սննդի կազմակերպման ոլորտում գործունեություն ծավալած և հանկարծ կառավարությունում հայտնված Աղաջանյանին(որի հայրը «Զիգզագ» ընկերության սեփականատերերից է) դուր չէր գալիս, թե ինչպես է նախկին կառավարությունից մնացած երիտասարդ մասնագետ Հայկ Այվազյանն ամեն անգամ իրեն բացատրում, որ իր իջեցրած հրահանգները կոմպետենտ չեն և ոչ մի կապ չունեն իր գործառույթների հետ: Աղաջանյանի խարդավանքների արդյունքում՝ Հ. Այվազյանը պաշտոնանկ է արվում։
Ի դեպ, Հայկ Այվազյանն ազատագրական շարժման նվիրյալ, ՀՀ Ազգային հերոս, ԳԽ պատգամավոր Վիտյա Այվազյանի որդին է։ Նրան աշխատանքից ազատելուց երկու շաբաթ առաջ էլ մահացել էր 63-ամյա մայրը, ու այդ կորստի մասին գիտեին նաև աշխատավայրում՝ կառավարության աշխատակազմում:
Սերժ Սարգսյանը՝ վարդեր, ես՝ մեխակնե՞ր
Եվ այս ամբողջ պատմության ամենազավեշտալին։
Եթե անհասկանալի պաշտոնանկությունների այդ օրերին Մարգարիտա Ազարյանի դեպքում «հեղափոխական» շրջանակներում խոսում էին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի մորը կառավարությունից հեռու պահելու մասին՝ այդպիսով փորձելով թուլացնել Վանեցյանին, ում հեղինակությունը բավական բարձր է հասարակության շրջանում, ապաշատերը չէին հասկանում, թե ինչո՞ւ է աշխատանքից ազատման հարկադրված դիմում ներկայացրել վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը։
168.am-ի տեղեկություններով՝ պատճառը ծաղիկներն են եղել։ Այո, այո, ծաղիկները։ Փաշինյանի կողմից արարողակարգի պատասխանատուի պաշտոնից նրա հեռացման հրամանը հրապարակվել է հենց նույն օրը՝ ապրիլի 2-ին։
168.am-ի տեղեկություններով՝ Ալեքսանդր Մխիթարյանին ասվել է աշխատանքից ազատվելու հրաման գրել մեխակների պատճառով։ Ապրիլի 2-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, ՀՀ ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Պրոտոկոլը որոշել էր, որ Փաշինյանը և մյուսները՝ ի հիշատակ, մեխակներ պետք է դնեն զոհերի շիրիմներին։
Նույն օրը, ինչպես հայտնի է, ժամը 16։00-ի ժամանակահատվածում «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու է գնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Հեղափոխական» կառավարության աշխատակազմում նկատում են, որ Սերժ Սարգսյանը վարդ տեսակի ծաղիկներ է տեղադրում զոհերի շիրիմներին։ Ըստ մեր աղբյուրների՝ այս հանգամանքը խիստ զայրացնում է դիջեյ Էդուարդ Աղաջանյանին և վարչապետ Փաշինյանին։ Պանթեոն այցելության այդ օրվա որոշ լուսանկարներում, ի դեպ, արարողակարգի պետ Ա. Մխիթարյանը ներկա է։ Եվ դա եղել է նրա աշխատանքային վերջին օրը։ Ինչու է Սերժ Սարգսյանը վարդեր տանում՝ Փաշինյանը՝ մեխակներ։ Օրվա վերջում արդեն Նիկոլ Փաշինյանը ստորագրում է Ալեքսանդր Մխիթարյանին աշխատանքից՝ արարողակարգի պատասխանատուի պաշտոնից ազատելու հրամանը։
Այդ ո՞ւր՝ առանց ծաղիկ…
Ի դեպ, արարողակարգի մասին։
Ապրիլի 29-ին Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել էր Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին, ով աշխատանքային այցով ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Մեդվեդևն առանձնատուն էր այցելել՝ առանց ծաղկեփնջի։ Վերջինիս կողմից դա անհարգալից վերաբերմունք է. նույնիսկ նման բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում, եթե հանդիպումը նման մտերմիկ՝ տնային միջավայրում է, ապա պետք է ծաղիկներ տանել։ Եեթ ծաղիկներ չի տանում հյուրը, ապա արարողակարգի համաձայն՝ չպետք է ներկայացնել ընտանիքի անդամներին։
2018 թվականին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում, զրույցից առաջ«Բոչարով Ռուչեյ» նստավայրում ծաղկեփունջ նվիրեց նրան, միջազգային մամուլը լուրջ աղմուկ բարձրացրեց։ Սպիտակ ծաղկեփունջը քաղաքական հակամարտության առարկա էր դարձել։ Գերմանական պարբերականներից մեկը Պուտինի նվիրած ծաղկեփնջին անդրադառնալով՝հոդվածը վերնագրել էր՝ «Ինչո՞ւ է վիրավորական Պուտինի՝ Մերկելին ծաղիկ նվիրելը»։ Լուսանկարը շատ արագ տարածվեց աշխարհի լրատվամիջոցներով։ «Այն, ինչ թվում է՝ սիրալիր է, իրականում վիրավորական է»,- գրել էր լրատվամիջոցներից մեկը՝ Bild-ը։
Վիրավորական ի՞նչ կարող է լինել ծաղկեփնջի մեջ, որ քաղաքական գործիչ տղամարդը նվիրում է կին քաղաքական գործչին, ում վաղուց և լավ ճանաչում է։ Դա առաջին հերթին՝ հարգանքի նշան է։
Ըստ եվրոպական ԶԼՄ-ների՝ այդպիսով Պուտինի՝ տղամարդ քաղաքական գործչի կողմից ընդգծվում է կանցլերի կին լինելու հանգամանքը։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և նախագահի արարողակարգի նախկին պետ Վլադիմիր Շևչենկոն ստիպված եղան մեկնաբանություններ տալ.«Ռուսաստանում գործընկերներին ծաղիկներ նվիրելը նորմալ է։ Մեզ մոտ դա լավ դաստիարակության նշան է։ Դա մեր ավանդույթներից է, և մենք ավանդույթներով ենք կողմնորոշվում,- ասել էր Դմիտրի Պեսկովը և ավելացրել,- Մերկելն ու Պուտինը գլխավոր քաղաքական երկարակյացներն են՝ աշխարհի մեծագույն կայսրությունների ղեկավարների շարքում, նրանք անձամբ քաղաքական երկխոսություն են վարում գրեթե 13 տարի»,- ի պատասխան գրել էր gazeta.ru կայքը։
Այո, ծաղիկներ նվիրելը, ըստ ռուսաստանյան պաշտոնական պրոտոկոլի՝ հարգանքի և լավ դաստիարակության նշան է։ Եթե Սոչիի նստավայր կամ առանձնատուն այց է լինում, որտեղ կին գործիչ է ներկա կամ տվյալ քաղաքական գործի կինը, ապա անպայման ծաղիկներով է ուղեկցվում։
Ինչո՞ւ էր Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևն առանց ծաղիկների այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես ինքն էր ասում՝ տուն։ Իսկ եթե, այնուամենայնիվ, Մեդվեդևը եկել էր առանց ծաղկեփնջի, ուրեմն պրոտոկոլի համաձայն՝ նա չպետք է ներկայացներ կամ ծանոթացներ ընտանիքի անդամներին, տվյալ դեպքում՝ տիկնոջը։