Բաժիններ՝

«Քաղաքապետին փոխանցեք, որ ինձ վրա քրեական գործ  հարուցելով՝ Երևանի աղբը չի մաքրվի». Ռուսլան Բաղդասարյան

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին Ռ. Բաղդասարյանը գրել էր ֆեյսբուքյան իր էջում։ Թե կոնկրետ ինչի՞ համար է հարուցվել քրեական գործը, նա տեղյակ չէ, քանի որ այդ մասին տեղեկացել է ոստիկանության մամուլի հաղորդագրությունից։

«Հարգելի հայրենակիցներ, այսօր ոստիկանությունը մամուլի հաղորդագրություն է տարածել քրեական գործ հարուցելու մասին։ Ես ինքս մամուլից տեղեկացա, մինչ այս պահը իրավապահ համակարգից ոչ մի քննության հրավիրված չեմ եղել։

Հիմա չեմ մեկնաբանի հարուցված քրեական գործը, քանի որ ինքս անտեղյակ եմ, ուղղակի կասեմ մի բան, որ սպասելի էր՝ իմ ակտիվության ֆոնին՝ քաղաքապետին քննադատելս, իսկ քանի որ, ինչպես ասել եմ, սրանք քաղաք ղեկավարել չգիտեն, այն լրացնում են սենց անհեթեթություններով դիմելով իրավապահներին։

Ավելի մանրամասն՝ փաստաբանիս հետ հանդիպելուց հետո, կանդրադառնամ»,- գրել էր Ռուսլան Բաղդասարյանը:

168.am-ը թեմայի շուրջ զրուցել է Ռուսլան Բաղդասարյանի հետ։

– Պարոն Բաղդասարյան, կմանրամասնե՞ք, ինչո՞ւ է Ձեր դեմ քրեական գործ հարուցվել։

– Իմ դեմ հարուցված քրեական գործին ծանոթացել եմ ոստիկանության մամուլի հաղորդագրությունից։ Մինչ այդ որևէ ծանուցագիր կամ բանավոր հրավեր չեմ ստացել ոստիկանության կողմից։

– Չեք էլ ենթադրո՞ւմ, թե ինչ գործ կարող է լինել։

– Չեմ կարող ասել, փաստաբանս թող գնա, ծանոթանա, ես էլ հասկանամ, թե ինչի մասին է խոսքը։

– Դուք գրել էիք, որ գրեթե կասկած չունեք, որ հարուցված քրեական գործը կապված է Ձեր քննադատությունների հետ՝ ուղղված քաղաքային իշխանությանը։ Համարում եք, որ սա քաղաքական հետապնդո՞ւմ է, կամ՝ Ձեզ լռեցնելու համա՞ր է։

– Իսկ դուք կասկածո՞ւմ եք, սա ավելի շուտ լռեցնելու փորձ է, քան քաղաքական հետապնդում, թեկուզ մեկը մյուսից շատ քիչ բանով է տարբերվում։

– Այսինքն՝ այսուհետ Ձեր կողմից հնչող այդ քննադատությունները կնվազե՞ն։

– Ավելի ինտենսիվ եմ քննադատելու։ Ինքս այն տեսակը չեմ, որ ինձ վրա քրեական գործ հարուցեն, ու ես ասեմ՝ «վայ աման», այս ի՞նչ եղավ։ Վերջիվերջո, երբ ասում եմ, որ քաղաքային իշխանությունն այս կամ այն բանը սխալ է անում, ինձ համար չեմ ասում, երևանցիների համար եմ ասում։

Այսինքն՝ իմ կաշին փրկելու համար այլևս չպե՞տք է խոսեմ Երևանի խնդիրներից։ Չի՛ լինելու նման բան։ Քաղաքապետին փոխանցեք, որ ինձ վրա քրեական գործ հարուցելով՝ Երևանի աղբը չի մաքրվի։ Իրենք իրենց գործը չեն կարողանում անել, դրա մասին բազմիցս եմ նշել, անճար են, աշխատել չգիտեն։ Իրենց անգործությունը կոծկում են մարդկանց վրա քրեական գործեր հարուցելով։  Է հա, քրեական գործ է, թող հարուցեն, քննեն, ես որևէ խնդիր չունեմ։

– Նշում եք, որ քրեական գործ հարուցելու պատճառը Ձեր քննադատություններն են, ինչն իշխանությունների սրտով չէ։ Այդ դեպքում ինչո՞ւ քրեական գործ չեն հարուցում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանի նկատմամբ, որը ժամանակ առ ժամանակ ֆեյսբուքյան տիրույթում գրառումներ է կատարում և թիրախավորում այս կամ այն պաշտոնյային։ Նրա վերջին գրառումը վերաբերում էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, որի ղեկավարած համակարգի վերաբերյալ նա լուրջ և վարկաբեկիչ մեղադրանքներ էր հնչեցրել։

–  Որևէ թաղապետ կամ նրա տեղակալը, եթե ոչ պատշաճ գրառում է կատարում ԱԱԾ տնօրենի հասցեին, ապա դա թաղապետի տեղակալի մեղավորությունը չէ։ Ամբողջ Երևանը համայնք է, որն ունի ընտրված ղեկավար, և դրա պատասխանատուն բացառապես միայն քաղաքապետն է։

Նման գրառում անելու համար պետք է քաղաքապետը «գետինը  մտներ», որ իր ենթական ԱԱԾ տնօրենին նման բան է գրում։ Նա իրենց թիմակիցն է, նրա վրա ի՞նչ գործ պետք է հարուցեն, իմ վրա գործ կհարուցեն, որ իրենց թիմակիցը չեմ, որ պարբերաբար քննադատում եմ իրենց։ Չնայած, Երևանի քաղաքապետն ի՞նչ գիտի՝ մեղավորությունը, պատասխանատվությունն ինչ է, նա իր պաշտոնից բխող պատասխանատվությունը չի ուզում կրի, ուր մնաց՝ իր ենթականերինը…

– Պարոն Բաղդասարյան նախատեսված է, որ քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-30 տոկոսով։ Եթե քաղաքային իշխանությունը գործ չի անում, քաղաքային տնտեսության մեջ բարելավում չկա, այդ դեպքում ո՞րն է աշխատավարձերի բարձրացման նպատակը։

– Ես չեմ ուզում անդրադառնալ վարչական շրջանների ղեկավարների աշխատավարձերին։ Ընդհանրապես աշխատավարձ բարձրացնելը լավ բան է, բայց այս դեպքում դա նման է այն երևույթին, երբ ընտանիքում վերջին կոպեկը տան ու երեխայի համար բրենդային հագուստ գնեն։ Նման բան չի կարելի, Երևանն այդ հնարավորությունը չունի։

Նման հնարավորություն կարող է առաջանալ երկու դեպքում, երբ կարողանան եկամուտներն այդ չափով ավելացնել, որը չեն արել։ Այս մասով նրանք իրենց պլանավորածը չեն կարողանում կատարել։ Առաջին եռամսյակը, որն ամենահեշտ հավաքվող եռամսյակն է՝ եկամուտները հավաքագրելու առումով, իրենք 146 միլիոնով թերակատարել էին։

Երբ մարդը չի կարողանում աշխատել, իր առջև դրված խնդիրները, ծրագրերն իրականացնել և տալիս է հավելյալ բեռ, հարց է առաջանում՝ որտեղի՞ց է ավելացնում աշխատավարձը։ Կանաչապատումից կտրել-տվել են պարգևատրումների ֆոնդին, հետո դրանից դարձրել են աշխատավարձ։ Այսինքն՝ կանաչապատման հաշվին իրենց աշխատավա՞րձ են տալիս, թե՞ մեկ այլ ծրագրի հաշվին են անում, չէ՞ որ Երևանի բյուջեն չի ավելացել։

Երկրորդ դեպքն այն է, երբ տեղի ունենա համակարգային փոփոխություն և օպտիմալացնեն ամբողջ աշխատակազմը և դրա հաշվին ավելացնեն մյուս աշխատակիցների աշխատավարձերը։ Բայց տեղի է ունեցել ճիշտ հակառակը՝ ավելացրել են աշխատակազմը։ Այդպես չի լինում։

– Ձեր կարծիքով՝ այս ամենն ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել, օրինակ, մեկ կամ երկու տարի հետո։

– Սա երկու տարի չի կարող ձգվել, լավագույն դեպքում այս տարի աշխատանքները թերակատարելով՝ այդ աշխատավարձերը կկարողանան տալ, իսկ եկող տարի չեն կարողանա։

–  Ձեր ղեկավարաման տարիներին պարգևատրումներ եղե՞լ են։

– Այո, եղել է, տարին մեկ անգամ, մեկ աշխատավարձի չափով, քանի որ մենք այդ ֆինանսը չունեինք, մեր ամեն կոպեկը ծախսվում էր թաղամասի վրա։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս