«Քարոզվում է վաղ տարիքում սեռական հարաբերությունը». Հայկ Այվազյան
«Գրքում ուղղակիորեն քարոզվում է միասեռականություն, վաղ տարիքում սեռական հարաբերություններ: Այնտեղ հարց կա, օրինակ, ո՞ր տարիքից կարելի է սեռական հարաբերություններ ունենալ, և պատասխանը՝ նման տարիք գոյություն չունի»,- խոսելով «Բուկինիստ» սրճարանում «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը տապալելու միջադեպի մասին՝ ասաց «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը:
«Հայաստանը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր, այսօր թիրախավորված է: Բոլոր պետական ինստիտուտներն անգլոսաքսոնական կառավարման ներքո են, հիմա ասում են՝ ազգային երկու ինստիտուտ է մնացել ինքնիշխան՝ ընտանիքը և եկեղեցին, ու այս երկու ինստիտուտները պետք է գրավել:
2017թ, երբ «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ընդունվեց, այն ժամանակ քննարկվում էր, որ պետք է լինի ընտանեկան բռնությունների կանխարգելման խորհուրդ, որի կազմում պետք է ընդգրկվի եկեղեցու ներկայացուցիչ, սակայն 2018թ. դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը ստորագրեց այդ կազմը հաստատող փաստաթուղթ, որտեղ եկեղեցու ներկայացուցիչ չկա, «Սորոսից» ֆինանսավորվող մի քանի կազմակերպություն է: Նրանց թվում կա առնվազն երկու անձ, որոնք միասեռականություն են քարոզում»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ պետական վերահսկողություն չկա:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հ/կ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Բուկինիստ» գրախանութում հրավիրված միջոցառման ընթացքում ներխուժել են մոտ 25 անձ և խափանել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչների պնդմամբ՝ գիրքն իրազեկում է՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ բռնությունը, այդ թվում՝ սեռական:
Անի Կարապետյան