«Քաղաքացիների բերած ձվերը հավաքում ենք գրասենյակում». Վահագն Չախալյան
«Գիրքը միայն այն փոքր օղակն է, որ այսօր տեղի է ունենում Հայաստանի հայ ժողովրդի դեմ: Համաշխարհային շարժում է, մարդկանց աճի զսպման մեխանիզմներ են մշակել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ջավախահայ հասարակական գործիչ Վահագն Չախալյանը՝ անդրադառնալով «Բուկինիստ» սրճարանում «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը տապալելու միջադեպին:
Թույլ չենք տալու ցանկացած քայլ, որն ուղղված է լինելու այլասերվածության քարոզմանը, մեր պայքարն ավելի թեժանալու է: Մտավախություն ունենք, որ հնարավոր է՝ շնորհանդեսն այլ տեղ անցկացնեն: Չնայած, ասել են, որ օնլայն կանցկացնեն, այստեղ հարցն այն է, որ իրենք թքած ունեն հասարակական կարծիքի վրա: Պայքարը շարունակելու ենք: Այս պահին քաղաքացիները գրասենյակ ձվեր են բերում, հավաքում ենք: Եթե հրաժարվեն շնորհանդեսն անցկացնել, ապա ձվերը կտանենք մանկատներից մեկը, եթե ոչ՝ ձվերն ուղղելու ենք իրենց վրա: Մենք փչացնելու սերունդ չունենք: Կարծում ենք՝ ողջախոհ են և կհրաժարվեն ապազգային, հակահայկական մտքից: Քաղաքացիները մարդ է մի ձու կարող է բերել»,- հավելեց Վահագն Չախալյանը:
Նրա փոխանցմամբ՝ նամակ են գրել, որը պետք է հանձնեն ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, որպեսզի անհապաղ զբաղվեն «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի և նրան հովանավորող «Բաց հասարակություն հիմնադրամի» հայաստանյան անօրինանական և հակասահմանադրական գործունեությունների բացահայտումով։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հ/կ-ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ «Բուկինիստ» գրախանութում հրավիրված միջոցառման ընթացքում ներխուժել են մոտ 25 անձ և խափանել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը: Միջոցառման կազմակերպիչների պնդմամբ՝ գիրքն իրազեկում է՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ բռնությունը, այդ թվում՝ սեռական:
Անի Կարապետյան