
Փարիզում վերականգնել են վանդալների կողմից վնասված Հաղթական կամարը

Փարիզի Հաղթական կամարը, որը վնասվել էր «դեղին բաճկոնավորների» ակցիաների ընթացքում, հինգ ամսում վերականգնել են: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի BFMTV հեռուստաալիքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018 թվականի դեկտեմբերին Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Հաղթական կամարը, հայտնվել է այն անկարգությունների կենտրոնում, որոնք կազմակերպվել էին «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում: Խուլիգանները զանազան մակագրություններ էին արել կոթողի վրա, այդ թվում՝ նախագահ Էմանուել Մակրոնի պաշտոնաթողության կոչեր:
Վանդալներն զգալի վնաս էին հասցրել Հաղթական կամարի թանգարանի ցուցասրահներին, ջարդել մի քանի արձաններ: Տեղի ունեցած անկարգություններից հետո Հաղթական կամարն այցելության համար փակվել էր: Նշվում է, որ մայիսի 8-ին կամարի մոտ տեղի կունենա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տոնակատարությունը եւ կանցկացվի Անհայտ զինվորին հարգանքի տուրքի արարողությունը:
Հեռուստաալիքը նաեւ մեջբերում է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերի խոսքը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ վերականգնողական աշխատանքների համար պահանջվել է մոտավորապես 1,2 միլիոն եվրո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: