«Հակամարտություն՝ որպես այդպիսին, չկա. սա քաղաքական գործընթաց է». Կոտայքի մարզպետը՝ իր և Աբովյանի քաղաքապետի հարաբերությունների մասին
Ծաղկաձորում «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողովին և դրան նախորդող ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլի խաղերին ներկա էր նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Լրագրողների հարցերին ի պատասխան՝ նա անդրադարձավ իր և Աբովյանի քաղաքապետի քննարկվող հարաբերություններին.
«Հակամարտություն՝ որպես այդպիսին, չկա. սա քաղաքական գործընթաց է»։
Մարզպետը հավելեց, որ առհասարակ տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած ներկայացուցչի հետ հարաբերությունները գործնական են և պայմանավորված են բացառապես ՏԻՄ օրենքով, Հողային օրենսգրքով, ինչպես նաև՝ այլ իրավական ակտերով:
«Այդ տրամաբանության մեջ մենք շարունակում ենք մեր վերահսկողական գործառույթները Կոտայքի մարզի բոլոր քաղաքներում, այդ թվում՝ նաև Աբովյան քաղաքում»,- պարզաբանեց Պետրոսյանը։
Մարզպետն անդրադարձավ նաև Աբովյան քաղաքի վարչական վերահսկողության արդյունքներում ի հայտ եկած մի շարք իրավախախտումների, որոնք այս պահին իրավապահների ուսումնասիրության տիրույթում են։
Հարցին, թե կա՞ն արդյոք ճնշումներ քաղաքապետի վրա, Պետրոսյանը պատասխանեց. «Ճնշումներ չկան, ես իմ գործողություններում առաջնորդվում եմ բացառապես պետական շահով, քաղաքացու շահով, և իմ գործողությունները բխում են բացառապես Սահմանադրության և ՏԻՄ օրենքի դրույթներից»։
Ամփոփելով խոսքը՝ Ռոմանո Պետրոսյանը լրագրողներին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրելու է կուսակցության տարածքային կառույցի անդամ Գրիգոր Գուլյանի թեկնածությունը:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան