
Զարիֆը և Լավրովը մայիսի 8-ին բանակցություններ կվարեն Մոսկվայում

Իրանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆը եւ Սերգեյ Լավրովը մայիսի 8-ին Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն Սիրիայի եւ Վենեսուելայի իրադրությունը, ինչպես նաեւ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) թեմատիկան: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության՝ մայիսի 7-ին տարածված մեկնաբանության մեջ:
«Բանակցությունների ընթացքում պլանավորվում է քննարկել Ռուսաստանի եւ Իրանի միջեւ բազմապլանային կապերի եւ դրանց հետագա զարգացմանն ուղղված կոնկրետ քայլերի ընթացիկ վիճակը: Նախատեսվում է կարծիքներ փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի հանգուցային հարցերի շուրջ, ներառյալ սիրիական կարգավորումը, Կասպից ծովը, Անդրկովկասը, Կենտրոնական Ասիան, Համագործակցության Շանհայի կազմակերպությունը, ԳՀՀԾ-ի թեման, Վենեսուելան»,- տեղեկացրել են դիվանագիտական գերատեսչությունում:
Մոսկվան պաշտպանում է Թեհրանի կշռադատված քաղաքականությունը, որը մնում է ԳՀՀԾ-ի պատասխանատու մասնակիցը, նշել են նախարարությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: