Բաժիններ՝

Թրամփի վարկանիշն ամենաբարձր մակարդակին է հասել նրա նախագահության ընթացքում

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի աշխատանքին հավանության ցուցանիշն ամենաբարձր՝ 46 տոկոսի մակարդակին հասել նրա ողջ նախագահության ընթացքում: Այդ մասին վկայում են Gallup սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հետազոտության տվյալները:

Սոցիոլոգները Թրամփի ժողովրդականության աճը բացատրում են ՀՆԱ-ի՝ սպասվածից ավելի բարձր աճի տեմպերով եւ երկրում աշխատատեղերի քանակի ավելացմամբ, ինչպես նաեւ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից 2016 թվականի ամերիկյան ընտրություններին Ռուսաստանին վերագրվող միջամտության ապարդյուն ավարտված հետաքննության արդյունքներով:

Հետազոտության հեղինակները նշել են, որ Թրամփին հաջողվել է ընդամենը մի քանի ամսվա ընթացքում դեմոկրատների կողմից իրեն աջակցության մակարդակը ռեկորդային նվազագույն 4 տոկոսից բարձրացնել մինչեւ 12 տոկոս: Իսկ Հանրապետական կուսակցության կողմնակիցների կողմից նրա աշխատանքի հավանության ցուցանիշը անցյալ տարվա վերջից գերազանցում է 90 տոկոսը:

Դրա հետ մեկտեղ պետության ղեկավարի պաշտոնում Թրամփի գործողություններից դժգոհության մակարդակը կազմել է 50 տոկոս: Ապրիլի սկզբին Թրամփի գործունեության հավանության մակարդակն աճել էր 6 տոկոսով՝ 39 տոկոսից մինչեւ 45 տոկոս:

Ավելի վաղ Թրամփի աջակցության այսչափ բարձր ցուցանիշներ (45 տոկոս) են գրանցվել 2017 թվականի հունվարին նախագահի պաշտոնում նրա գտնվելու առաջին շաբաթում, եւ 2018 թվականի հունիսին՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ նրա առաջին հանդիպումից հետո: Հետազոտությանը, որը հեռախոսով անցկացվել է ապրիլի 17-ից մինչեւ 30-ը, մասնակցել են 18-ից բարձր տարիքի 1024 ամերիկացիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս