
Աֆղանստանում առնվազն 150 թալիբների և 68 թմրալաբորատորիա են ոչնչացրել

Առնվազն 150 թալիբների եւ թմրանյութերի արտադրության 68 լաբորատորիա են ոչնչացվել Աֆղանստանի արեւմուտքի Ֆարահի նահանգում զինյալների դիրքերին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի եւ Աֆղանստանի զինված ուժերի կողմից հասցված համատեղ ավիահարվածների արդյունքում: Այդ մասին հայտնել է Khaama Press գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտոնատար անձանց:
«Կոալիցիայի զինված ուժերը եւ Աֆղանստանի պաշտպանության եւ անվտանգության ազգային ուժերը համատեղ ուղղորդված ավիահարվածներ են հասցրել Ֆարահի նահանգի Բաքվայի շրջանում: Ոչնչացվել է թմրանյութերի արտադրության 68 լաբորատորիա, որոնք օրական «Թալիբան»-ի ահաբեկիչներին բերում էին 1 մլն դոլարի եկամուտ: Սպանվել է 150 թալիբ, եւս 40-ը վիրավորված են»,-գործակալությունը մեջբերել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչների խոսքը:
Գործակալությունը նաեւ հղում է անում երկրի ներքին գործերի նախարարության հայտարարությանը, որը հաստատել է ավիահարվածները, ինչպես նաեւ 150 զինյալների եւ 68 թմրալաբորատորիաների ոչնչացումը: Ընդսմին գործակալությունը չի նշում ավիահարվածների իրականացման ամսաթվերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: