«Առկա վիճակը չի ապահովում տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երաշխավորման սահմանադրական պահանջը». Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի ընկերներ,
Ուրախ եմ տեղեկացնելու, որ ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել իմ դիմումը, որը վերաբերում է Սահմանադրությանը Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի համապատասխանությունը վիճարկելուն:
Այդ դիմումով վիճարկում եմ այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ ՀԴՄ-ների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները:
Օրինակ՝ տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայի բացակայության համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է` 300․ 000 դրամի չափով, իսկ հանրային սննդի օբյեկտում իրականացվող հանրային սննդի գործունեության մասով 1․000․000 դրամի չափով: Ստացվում է, որ օրենքով նախապես կանխորոշված են տուգանքների չափերը, որոնցից որևէ բացառություն չի կարող արվել։
Մեր դիտարկումը ցույց է տվել, որ խնդրահարույց է նաև տուգանքի չափերի բարձր լինելը: Նորաբաց կամ փոքր կազմակերպությունները հատկապես հայտնվում են տնտեսական դժվար կացության առաջ, իսկ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար այն հանգեցնում է ընդհուպ մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցման:
Կարծում եմ՝ առկա վիճակը չի ապահովում տնտեսական և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու երաշխավորման սահմանադրական պահանջը։ Սա իր հերթին հանգեցնում է տնտեսական, ներառյալ՝ ձեռնարկատիրական, գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքի նկատմամբ պետության անհամաչափ միջամտության։
Գործարարության պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է»:
Սիրելի ընկերներ,Ուրախ եմ տեղեկացնելու, որ ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել իմ դիմումը, որը վերաբերում է…
Gepostet von Arman Tatoyan am Samstag, 4. Mai 2019