
ԿԺԴՀ-ում ցածր բերքատվության պատճառով ավելի քան 10 մլն մարդ պարենի անբավարարության խնդիր կունենա

ԿԺԴՀ-ի ավելի քան 10 մլն բնակիչ հայտնվել է մի իրավիճակում, որը ՄԱԿ-ում բնութագրում են որպես «պարենային անվտանգության բացակայություն»: Երկրում հավաքել են վերջին 10 տարվա ընթացքում ամենաքիչ բերքը, որը դարձել է երաշտի եւ հեղեղումների հետեւանքը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) պաշտոնական ներկայացուցիչ Էրվե Վերհուզելը՝ ելույթ ունենալով Ժնեւում կայացած ճեպազրույցում:
Նա վկայակոչել է Միավորված ազգերի կազմակերպության ՊՀԾ-ի եւ Պարենավորման ու գյուղատնտեսական կազմակերպության (ՖԱՕ) համատեղ գնահատման առաքելության արդյունքները, որը ԿԺԴՀ-ում աշխատել է մարտի 29-ից մինչեւ ապրիլի 12-ը: «Այն եզրակացությունն է արվել, որ տասը տարվա ընթացքում ամենացածր բերքատվության պատճառով, որը երաշտի, օդային տաք հոսանքների եւ հեղեղումների հետեւանք է, 10,1 մլն մարդ տառապում է պարենային անվտանգության խիստ բացակայությունից:
Դա նշանակում է, որ նրանք բավարար քանակությամբ պարենամթերք չունեն մինչեւ հաջորդ բերքը»,-ասել է ներկայացուցիչը: ՊՀԾ-ի եւ ՖԱՕ-ի առաքելության գնահատումների համաձայն, ԿԺԴՀ-ում ստացվել է 4,9 մլն մետրական տոննա գյուղատնտեսական արտադրանք, ինչն ամենացածր արդյունքն է 2008-2009 թվականների տարեշրջանից հետո: Ինչպես ընդգծել է Վերհուզելը, «առանց հումանիտար օգնության միլիոնավոր մարդիկ կարող են սովի մատնվել», հաղորդել է ՏԱՍՍ-ը: