Բաժիններ՝

Կենդանաբանական այգու տնօրենը կդիմի դատարան՝ իր հասցեին հնչած հայտարարությունները հերքելու և փոխհատուցում ստանալու պահանջով

Մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգու մոտ այգու ներկա և նախկին մի շարք աշխատակիցներ, կենդանասերներ բողոքի ակցիա էին իրականացրել՝ պահանջելով այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։

Նրանք հայտարարում էին, որ Ռուբեն Խաչատրյանի՝ այգու տնօրեն նշանակվելուց հետո բազմաթիվ կենդանիներ են սատկել, քանի որ նա աշխատանքից ազատել է բազմաթիվ մասնագետների և այգին տնօրինում է՝ ինչպես ցանկանում է։ Այդ մեղադրանքներին ի պատասխան՝ Ռուբեն Խաչատրյանը նշել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ իրեն ուղղված մեղադրանքները համարում է զրպարտություն։

Բողոքի ակցիայի ժամանակ «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանն էլ հայտարարել էր, որ Ռուբեն Խաչատրյանը հրաժարական չի տալիս, քանի որ Բնապահպանության նախարարությունում և Երևանի քաղաքապետարանում հովանավորներ ունի, ավելին՝ բնապահպանության նախարարը տնօրենի «մեջքին» է, և միմյանց հետ ինչ-որ բիզնես ունեն։ Նա Ռուբեն Խաչատրյանին մեղադրել էր նաև կենդանիների սպանելու մեջ։

168.am-ը փորձեց Ռուբեն Խաչատրյանից ճշտել, թե ինչ բիզնեսի մասին է խոսքը, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, փոխարենը գրառում կատարեց ֆեյսբուքյան իր էջին՝ նշելով, որ այդ ամենն իրականությանը չի համապատասխանում։

«Երեկ ԶԼՄ-ներով տարածում է ստացել Կենդանաբանական այգու բարի համբավն ու հեղինակությունն արատավորող, վարկաբեկիչ, իրականության հետ կապ չունեցող մի շարք արտահայտություններ, որոնց թվում՝ «Ջամբո» էկզոտիկ պարկի հիմնադիր Արտյոմ Վարդանյանի հրապարակային արտահայտությունը, որ «Կենդանաբանական այգու տնօրենին հովանավորում է բնապահպանության նախարարը, միասին բիզնես ունեն»:

Նշված անձի, ինչպես նաև որոշ ցուցարարների արտահայտություններն ակնհայտորեն միտում ունեն արատավորելու թե՛ Կենդանաբանական այգու, թե՛ իմ, թե՛ իմ անձնակազմի համբավն ու հեղինակությունը:

Հրապարակավ հայտնում եմ, որ ցուցարար խմբից ոմանք համարձակվել են նույնիսկ ակնհայտ սպառնալ Այգու աշխատակիցներին՝ սեփական տեսակետը արտահայտելու և Այգու շահերը պաշտպանելու համար:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Այգու դիմաց ցույցեր կազմակերպող խմբի հետ օրինական դաշտում երկխոսության անհնարինությունը՝ պատրաստվում եմ դիմել դատարան՝ նշված արտահայտությունների հրապարակայնորեն հերքման և պատճառված վնասի փոխհատուցման պահանջով:

Վնասի փոխհատուցումից ստացված գումարն ամբողջովին կուղղվի Երևանի կենդանաբանական այգում նոր ազատավանդակների կառուցմանը»,- գրել էր Ռուբեն Խաչատրյանը։

Այս լուրը հերքել էր նաև ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ զրպարտության համար պատրաստվում է դիմել դատարան, քանի որ Կենդանաբանական այգու տնօրենի հետ բիզնես ունենալու և նրան հովանավորելու մասին  հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Ինքս միշտ հանդուրժողաբար եմ վերաբերվել և վերաբերվում քննադատությանը՝ գիտակցելով խոսքի ազատության կարևորությունը: Սակայն նշված անձի արտահայտությունը ոչ քննադատություն է, ոչ էլ գնահատողական դատողություն, այլ զրպարտություն, որով փորձ է արվել արատավորել իմ գործունեությունն ու համբավը։

Այդ իսկ պատճառով որոշել եմ օրենքով սահմանված կարգով դիմել դատարան հրապարակայնորեն հերքման և պատճառված վնասի փոխհատուցման պահանջներով:

Առաջիկայում նշված հարցի վերաբերյալ մանրամասները կհայտնեն իմ շահերը պաշտպանող փաստաբանները»,- նշել է նախարարը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս