Ֆրանսիայում կերկարաձգվի օգնությունը բողոքի ակցիաներից տուժած առևտրականներին
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են երկարաձգել այն առեւտրականների օժանդակման միջոցառումների գործողությունը, որոնց գործարարությունը տուժել է «դեղին բաճկոնավորների» բողոքների ակցիաների հետեւանքով: Մայիսի 3-ին այս մասին հայտնել է երկրի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությանը կից պետքարտուղար Անիես Պանիե Ռյունաշեն։
«Մենք որոշեցինք միջոցառումների փաթեթի գործողությունը երկարաձգել մինչեւ հունիսի վերջը»,- ասել է Պանիե Ռյունաշեն CNews հեռուստաալիքի եթերում:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ Ֆրանսիայի գործարարության օգնության փաթեթի գործողությունը կտեւի մինչեւ ապրիլի 30-ը: Օժանդակման գլխավոր կառավարական միջոցառումներից մեկը փոխհատուցումն է ձեռնարկիչների ունեցվածքի վնասի եւ բողոքի ակցիաների հետեւանքով աշխատանքի ընդհատման համար: Բացի դրանից, մայրաքաղաքի Իլ դը Ֆրանս տարածաշրջանի իշխանություններն ստեղծել են ձեռնարկիչների օժանդակման հիմնադրամ՝ 1,5 միլիոն եվրո բյուջեով, որի միջոցները տրամադրվում են գործարարության աջակցմանը:
«Այս պահին մեզ են դիմել շուրջ 8 հազար առեւտրականներ, որոնք բարդ դրության մեջ են հայտնվել բողոքների պատճառով,- նշել է նա:- Խնդիրն այն է, որ առեւտրականներին օգնենք հաղթահարելու այդ ճգնաժամը»: Պետքարուղարի խոսքով՝ «ձեռնարկիչների օժանդակման պետական միջոցառումների արժեքը կազմում է շուրջ 80 միլիոն եվրո», հաղորդել է ՏԱՍՍ-ը: