
Լրագրողների սպանությունների մեծ մասն անպատիժ է մնում. Լրագրողների միջազգային դաշնություն

Լրագրողների միջազգային դաշնության նախագահ Ֆիլիպ Լերուտն անհանգստացած է այն բանից, որ աշխարհում լրագրողների 10 սպանություններից ինն անպատիժ են մնում։
Մամուլի ազատության համաշխարհային օրն ամեն տարի մայիսի 3-ին նշվում է 1994 թվականից ի վեր: «Երբ մենք խոսում ենք մամուլի ազատության մասին, ինձ, իհարկե, ամենից ավելի անհանգստացնում է լրագրողների սպանությունների անպատժելիությունն աշխարհում. լրագրողների 10 սպանություններից ինն առաջվա պես անպատիժ են մնում:
Հենց այդ պատճառով Լրագրողների միջազգային դաշնությունը ճնշում է գործադրում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի վրա լրագրողների եւ զանգվածային լրատվության միջոցների աշխատակիցների անկախության ու անվտանգության մասին կոնվենցիայի ընդունման նպատակով, որը դաշնությունը մշակել է եւ որն աջակցություն է ստանում ԶԼՄ-ների բազմաթիվ կազմակերպությունների եւ արհմիությունների դաշնությունների կողմից»,-ասել է Լերուտը ՌԻԱ Նովոստիին:
Նրա խոսքով՝ «աշխարհի չափազանց շատ երկրներ չեն հարգում մամուլի ազատությունը կամ սահմանափակում են այն ահաբեկչության կամ կեղծ նորությունների դեմ պայքարի քողի ներքո»: