
Թրամփը Սենատի հաստատմանն է ներկայացրել ՄԱԿ-ին առընթեր նոր մշտական ներկայացուցչի թեկնածությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 2-ին Կոնգրեսի Սենատի քննարկմանն է ներկայացրել Կանադայում ԱՄՆ-ի դեսպան Քելլի Քրաֆթի թեկնածությունը, որն ավելի վաղ առաջադրվել է ՄԱԿ-ին առընթեր երկրի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Այժմ Սենատի արտաքին գործերի կոմիտեն կորոշի լսումների ամսաթիվը, որոնց ընթացքում ելույթ կունենա Քրաֆթը, ինչից հետո կոմիտեի անդամները պետք է որոշեն՝ առաջարկել արդյոք Սենատին լրիվ կազմով հաստատելու նրա թեկնածությունը: Այնուհետեւ Կոնգրեսի վերին պալատում կանցկացվի արդեն վերջնական քվեարկությունը:
Ինչպես նշում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, Թրամփը լրջորեն է դիտարկում է 57-ամյա Քրաֆթի թեկնածությունը, որը Կանադայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակվել էր 2017 թվականի հոկտեմբերին: Հրատարակության տվյալներով՝ վաշինգտոնյան վարչակազմը բարձր է գնահատում Քրաֆթին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: