Ճապոնացիների մեծամասնությունը ջերմ զգացումներ է տածում նոր կայսեր նկատմամբ. Kyodo
Ճապոնացիների ճնշող մեծամասնությունը ջերմ զգացումներ է տածում երկրի նոր կայսր Նարուհիտոյի նկատմամբ: Այդ մասին վկայում են մայիսի 2-ին հրապարակված հարցման տվյալները, որն անցկացվել է Kyodo գործակալության կողմից:
Նշվում է, որ հարցման մասնակիցների 82,5 տոկոսը կապվածության ջերմ զգացում ունի նոր կայսեր նկատմամբ, եւ միայն 11,3 տոկոսն Է բացասական պատասխան տվել համապատասխան հարցին:
Ուշագրավ է, որ ճապոնացիների ճնշող մեծամասնությունը նաեւ դրական է արտահայտվել կայսերական գահին կնոջ հայտնվելու տեսական հնարավորության մասին. Kyodo-ի կողմից հարցված քաղաքացիների 79,6 տոկոսը պատրաստ կլիներ ընդունելու կին-կայսրի: Դեմ է արտահայտվել միայն 13,3 տոկոսը:
Ճապոնիայի գահաժառանգ արքայազն Նարուհիտոն մայիսի 1-ին ստանձնել է երկրի կայսեր լիազորությունները: Խորհրդարանի կողմից գահից նրա հոր հրաժարվելու վերաբերյալ ընդունված օրենքին համապատասխան, դա տեղի է ունեցել Տոկիոյի ժամանակով մայիսի 1-ին ժամը 00:00-ին (Երեւանի ժամանակով ապրիլի 30-ին ժամը 19:00-ին), հաղորդել է ՏԱՍՍ-ը: