Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստում կքննարկվեն գիտակրթական համագործակցության մի շարք հարցեր
Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանը ապրիլի 29-ին հանդիպել է Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Սապարդուրդի Թոյլիևի (Sapardurdy Toýlyýew) հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ դեսպանը և Թուրքմենստանի ԳԱ նախագահը համակարծիք են եղել, որ Թուրքմենստան-Հայաստան հարաբերություններում իր ուրույն տեղն ունի գիտակրթական ոլորտում համագործակցությունը: Թուրքմենստանի ԳԱ նախագահը գոհունակությամբ հիշել է իր՝ փոխվարչապետ եղած տարիներին Հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի ղեկավարումը և Հայաստան կատարած այցերը: Մասնագիտությամբ բժիշկ Թոյլիևը կարևորել է հատկապես առողջապահության բնագավառում երկու երկրների համագործակցությունը: ՀՀ դեսպանը ներկայացրել է հայ-թուրքմենական հարաբերություններում գիտության ոլորտում համագործակցության արդյունքում ձեռք բերված նախկին պայմանավորվածությունները, կարևորել աստղագիտության և սեյսմոլոգիայի բնագավառներում նախկինում ունեցած կապերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019թ. Թուրքմենստան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի Աշխաբադում կայանալիք 9-րդ նիստի օրակարգում ընդգրկել գիտակրթական համագործակցության հարցերի լայն շրջանակ: