
Ֆրանսիայում 17 մլրդ եվրո կհատկացվի «դեղին բաճկոնավորների» պահանջները բավարարելու համար

Միջոցառումները, որոնք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարվել են «դեղին բաճկոնավորների» ակցիաներին ի պատասխան, 17 մլրդ եվրո կնստեն երկրի բյուջեի վրա: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը:
Անցած շաբաթ Մակրոնը մեծ մամուլի ասուլիս 1 տվել երկրում անցկացվող ազգային բանավեճերի արդյունքների ամփոփման շուրջ, որոնք կազմակերպվել էին «դեղին բաճկոնավորների» բողոքներին ի պատասխան: Ֆրանսիայի ղեկավարը, ի պատասխան ճգնաժամի, հայտարարել է մի շարք միջոցառումների մասին, որոնց թվում են՝ աշխատող քաղաքացիների համար հարկերի նվազեցումը, 2020 թվականից կենսաթոշակների ինդեքսավորումը եւ մի շարք այլ միջոցներ: Առաջին միջոցառումները Ֆրանսիայի իշխանությունների կողմից հայտարարվել էին անցյալ տարվա դեկտեմբերին:
«Ընդհանուր առմամբ դա կազմում է շուրջ 17 մլրդ եվրո: 10 միլիարդ եվրոյի մասին հայտարարվել էր դեկտեմբերին»,-ասել է նախարարը France 2 հեռուստաալիքի եթերում: Նա նշել է, որ 5 մլրդ եվրոն եկամտահարկի նվազեցումն է, մնացած միջոցները կօգտագործվեն թոշակների ինդեքսավորման եւ մյուս միջոցառումների համար: Նախարարը նշել է որ իրենց կողմից արդեն եղել է առաջարկություն այն մասին, որ եկամտահարկի նվազեցումը տեղի ունենա 2020 թվականի հունվարից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: