Բաժիններ՝

«Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելը լուրջ տնտեսական ճգնաժամ կարող է առաջացնել». փաստաբան

Դատարանը մերժեց «Սպայկայի» տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու մասին նրա պաշտպանների միջնորդությունը:

«Որոշումը մեզ համար անսպասելի էր և չի բխում գործող օրենքից, քանի որ կալանավորման հիմքերի առերևույթ բացակայության պայմաններում անձը պահվում է կալանքի տակ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ղազարյանի պաշտպանական խմբի անդամ Արսեն Սարդարյանը։

«Մեր վստահորդը պիտի վերջնական որոշի՝ եթե ասուլիս լինի՝ մանրամասները կներկայացնենք»,- 168.am-ին տեղեկացրեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ դատարանի որոշումից հետո պաշտպանը լրագրողների հետ զրույցում այդ որոշումը որակել էր՝ որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ։

«Չանձնավորելով որևէ դատավորի կամ վարույթ իրականացնող մարմնի, անձնավորված որևէ վիրավորանք չենք ուզում ասել՝ հարգելով, այնուամենայնիվ, այս որոշումը մենք գնահատում ենք՝ որպես գործարարից գումար կորզելու մեխանիզմ, որովհետև ի՞նչ է ստացվում՝ պաշտպանական կողմն ասում է՝ կա ենթադրյալ չվճարված հարկ, և այդ հաշվարկն իրականացվել է վարույթն իրականացնող մարմնի կողմից կազմված տեղեկանքի հիման վրա, որն ուղարկվել է փորձագետների, որոնք էլ ընդամենն ասել են, թե թվերն իրար ճի՞շտ են գումարած, թե՞ ոչ»,- ասել էր Սարդարյանը՝ նշելով, որ փաստաբանական թիմն ընդգրկված չի եղել այդ գործընթացում, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել է նաև Դավիթ Ղազարյանը։

Արսեն Սարդարյանի խոսքով՝ պիտի հաշվի առնվի հանրային շահը, քանի որ Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելը լուրջ տնտեսական ճգնաժամ կարող է առաջացնել.

«Այդ անձը հանդիսանում է «Սպայկա» ընկերության միակ հիմնադիրը, այդ բիզնեսը ստեղծել է երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, և գործընկերները ճանաչում են նրան, նրա հետ են աշխատում, և նրա կալանավորումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել։ Բիզնեսը չի կարողանա իրականացնել իր գործունեությունը, իսկ բոլորս գիտենք, թե ինչ դեր ունի «Սպայկան» Հայաստանի գյուղմթերքների արտահանման և ընդհանրապես տնտեության համար»,- ասաց փաստաբանը։

Դատարանի փաստարկները, թե ազատության մեջ գտնվելով՝ Ղազարյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, պաշտպանը որակեց՝ որպես վերացական բացատրություն:

Ի դեպ, Սարդարյանը տեղեկացրեց նաև, որ գրավի միջնորդությունը նույնպես մերժվել է նույն պատճառաբանությամբ։ Փաստաբանը չնշեց, թե որքան գրավ են առաջարկել: «Ողջամիտ չափ»,- ասաց նա։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 միլիարդ դրամ մաքսատուրք և հարկ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։ Նրա պաշտպանական թիմը միջնորդություն էր ներկայացրել՝ գրավի դիմաց ազատ արձակել Ղազարյանին:

Ի դեպ, օրեր առաջԵվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հետաձգել է «Սպայկա» ընկերության վարկավորմանն ուղղված ծրագրի իրականացումը: Այս մասին ապրիլի 25-ին Եվրասիական ԶԼՄ-ների երկրորդ Կոնգրեսում EADaily-ի թղթակցին ասել էր ԵԱԶԲ-ի նախագահ Անդրեյ Բելյանինովը. «Այնտեղ պահանջներ կան հարկերի վճարման հետ կապված, ուստի մենք դեռ կասեցնում ենք: Մեզ մոտ ամեն ինչ պատրաստ է, սակայն «Սպայկայի» մասով կասեցվել է: Մենք չենք կարող ռիսկի դիմել, եթե խոսքը հնարավոր սնանկության մասին է»,- ասել էր նա:

ԵԱԶԲ-ն նախատեսում էր «Սպայկային» 67 միլիոն դոլարի վարկ տրամադրել՝ գյուղատնտեսության ոլորտում խոշոր ծրագրի իրականացման համար:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս