Թանդիլյանը պարտվեց տուն ինտերնատի նախկին տնօրենին
Նախորդ ուրբաթ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, այժմ՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը պարտվեց դատարանում: Երևանի ընդհանուր իրավասության դատարանն ամբողջությամբ բավարարեց «Երևանի N 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Վահան Զուրաբյանի հայցն ընդդեմ Թանդիլյանի: Իսկ Վահան Զուրաբյանի հայցապահանջում ներկայացված էր երեք կետ՝ անվավեր ճանաչել նախարար Թանդիլյանի հրամանը՝ իրեն աշխատանքից ազատելու մասին, վերականգնել աշխատանքի և վճարել ազատման հիմքով հարկադիր պարապուրդում եղած ողջ ժամանակահատվածի համար: Վճռի հրապարակման օրվանից հետո մեկ ամիս անց այն կմտնի ուժի մեջ, իսկ մինչ այդ՝ ոլորտի ներկայիս նախարարին վիճակված է մարսել ու շտկել Մ. Թանդիլյանի ոչ իրավաչափ որոշումների նյութական և բարոյական վնասի հետևանքները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի ներկայիս նախարար Զարուհի Բաթոյանն այդ առումով երկու խնդիր ունի, մինչ Զուրաբյանին վերանշանակելը՝ հավանաբար նա դեռ պիտի բանակցի վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի և եղբոր՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ, վերջիններիս երաշխավորած անձին՝ Գառնիկ Վարդանյանին այդ աթոռից անխռով հեռացնելու համար: Հիշեցնենք, Գառնիկ Վարդանյանն ինքն էլ տեղյակ էր այս դատական քաշքշուկին և 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր համար կանխատեսելի է նաև այս սցենարը:
Զ. Բաթոյանի հաջորդ լուծելի հարցն այն է, որ նա այս վճռի հիման վրա պարտավոր է նախարարության հաշվին զրոյացնել նաև Թանդիլյանի ապօրինի արձակած հրամանի հետևանքով կրած ֆինանսական պատասխանատվությունը: Այս դեպքում Վահան Զուրաբյանի հարկադիր պարապուրդի համար, ինչպես և դատական ծախսերի դիմաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվճարի ավելի քան 1 միլիոն դրամ: Ի դեպ, սա նախարարության վրա Մ.Թանդիլյանի թողած միակ ֆինանսական հետևանքը չէ։ Հեղափոխության հետևանքով կառավարությունում նախարարի պարտֆել ստացած Մանե Թանդիլյանն իր պաշտոնավարման կարճ շրջանում հասցրել էր նաև պետական ծառայողական ավտոմեքենան վթարի ենթարկել ու վնասված Toyota Camry-ի նորոգման հարցը թողնել պետության վրա:
Հիշեցնենք, նախարար նշանակվելուց հետո, իբրև թե հանուն պետության շահի, ֆինանսական խնայողության՝ Մ. Թանդիլյանը մի քանի ամիս հետո հրաժարվել էր վարորդի ծառայությունից և իրեն հատկացված ծառայողական մեքենան ինքն էր վարում: Սակայն շատ չանցած՝ 2018թ. Հոկտեմբերին, նա Toyota Camry մակնիշի այդ ավտոմեքենայով վթարի ենթարկվեց։ Ընդ որում, այս մասին տեղեկատվությունը խնամքով թաքցվում էր թե՛ իր, և թե՛ նախարարության կողմից այնքան ժամանակ՝ մինչև որ այդ մասին հրապարակում եղավ մամուլում։
Մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել Մ. Թանդիլյանի հետ, սակայն ապարդյուն, պատգամավորը համառորեն չէր պատասխանում հեռախոսազանգերին։
Սյուզի Բադոյան