Բաժիններ՝

«Հայկ և Նաիրի Սարգսյանների ավտոյուղերի բիզնես պարտնյորը չեմ». Պաշտոնյան հերքում է

«Թիվ 1» տուն-ինտերնատի հետհեղափոխական տնօրենն այս նոր իշխանությունների կառավարման ժամանակահատվածում թերևս միակ պաշտոնյան է, ով նախկինների գործը գովաբանելով է աշխատում, մասնագետներին հարկադրանքով չի ուղարկել տուն և փոխարենը՝ իր կուրսեցիներին ու բարեկամներին լցրել աշխատավայր, իր հետ «քայլելով համակարգ մտած» շատերի պես չի տրվել նախկինների վրա «գործ բացելու» մոլուցքին: Ասում է ՝ ամեն գնով աղմկոտ բացահայտումներ անելու տրամաբանությունը Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունը չէ, պարզապես ընկալում է, որով մարդիկ փորձում են ինքնահաստատվել կամ երևի հաճոյանալ նոր իշխանությանը:

«Մարդիկ գոռալով են տպավորություն ստեղծում, կադրային ջարդով… ես այդ խնդիրը չեմ դրել իմ առաջ, եթե չարաշահումներ ու իրավախախտումներ հայտնաբերեի, ես էլ ձեռքերս ծալած չէի նստի, բնականաբար, կդիմեի իրավապահներին, բայց ես իմ պաշտոնավարման ընթացքում որևէ բան չեմ արձանագրել, դրա համար էլ նման քայլեր չեմ ձեռնարկել: Չգիտեմ՝ շատ ավելի վաղ ինչ է եղել, բայց սրանից վաղ՝ մինչև երկու տարի առաջ, ծերանոցում գործողություններն իսկապես ուղղված են եղել մեր տարեց խնամյալների վիճակը բարելավելուն:

Ես նախկինների աշխատանքից դժգոհելու առիթ չունեմ, եթե շատ հետ գնանք, հնարավոր է, էական բաներ գտնենք, բայց ինձնից առաջ այստեղ Վահան Զուրաբյանն է տնօրինել «Թիվ 1»-ում, նա իր նախկիններից հետո շատ բան է փոխել տուն-ինտերնատում։ Բնակիչները պատմում են, որ մինչ Վահանի գալը՝ կարագ չեն կերել, աշխատակիցներն էլ չարաշահումների պահով շատ բաներ են հիշում, նաև պատմում են, թե ինչ ծավալի աշխատանք է կատարվել Վահան Զուրաբյանի օրոք, կարգավորվել են ընթացիկ աշխատանքները:

Հիմա ես եկել ու տեսնում եմ, թե ոնց է ռելսերի վրա դրված, ժամացույցի պես են այստեղ մի շարք բաներ աշխատում, կարգապահություն կա, մարդիկ նվիրում ունեն իրենց գործի հանդեպ, և կապ չունի, թե ով կլիներ տվյալ պաշտոնում: Գործ, իհարկե, կա անելու և կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կատարյալ վիճակին չենք հասել, և ես էլ իմ չափով եմ փորձում անել հնարավոր ամեն բան, ծրագրեր ներգրավել, միջոցներ, որպեսզի օր առաջ մեր տարեց խնամյալների կյանքի որակն էլ ավելի լավանա»,- 168.am-ի հետ զրույցում իր աշխատանքի մասին է խոսում Գառնիկ Վարդանյանը:

Հեղափոխական տնօրենին չի կաշկանդում նախկինների՝ ավելի իմացությունը ոլորտի մասին, և ինքն էլ իր հերթին՝ չի մերժում նոր գաղափարներն ու համատեղ աշխատելու մոտեցումը:

«Եկածս առաջին օրը որոշ մարդիկ մոտեցան ինձ, ասացին՝ մենք գնանք, դուք բերեք Ձեր ախատող թիմը, միասին առաջ կշարժվեք։ Ասացի՝ ոչ, դուք եք այս գործի մասնագետը, մնացեք, որ օգնենք իրար, գործն առաջ տանենք: Ես չունեմ թիմ, իմ թիմը լավ աշխատող մարդիկ պիտի լինեն: Եվ, հավատացեք, այստեղ մարդիկ ինձ թև ու թիկունք են, նույն կերպ ես եմ իրենց սատարում, մենք թիմային աշխատում ենք, քանի որ մեր շահն ընդհանուր է՝ իրար դեմ ինչ-որ բաներ չպետք է բզբզենք, չի կարելի, դրա կարիքն էլ չկա»,- ասում է ծերանոցի տնօրենը:

Մինչ տնօրեն նշանակվելը Գառնիկ Վարդանյանը պետական համակարգում չի եղել, առհասարակ աշխատանք չի ունեցել, իսկ սոցիալական պաշտպանության ոլորտի հետ առնչությունը մի քանի անգամ ոլորտի հասարակական կազմակերպություններին աջակցությամբ է դրսևորվել:

Պետական վերահսկողական ծառայությունում (ՊՎԾ) Դավիթ Սանասարյանի նախկին տեղակալ, ներկայումս՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և նրա եղբոր՝ վարչապետի խորհրդական Նաիրի Սարգսյանի հետ ունեցած ընկերական կապի մասին Գառնիկ Վարդանյանը չի հերքում, ավելին՝ պատմում է, թե ինչ հաճախակիությամբ են հանդիպում՝ որպես մտերիմ ընկերներ:

Հայկ և Նաիրի Սարգսյանների ավտոյուղերի բիզնեսն իր դեմքով զարգացնելու ներքին պայմանավորվածությունների մասին մեր տեղեկությունները Գառնիկ Վարդանյանը հերքում է և պնդում, որ ինքն այլ ոլորտում է իր ձեռնարկատիրական գործունեությունը ծավալում:

«Հայկենց բիզնեսը լրիվ ուրիշ ոլորտ է, իմը խմորեղենի արտադրության սարքավորումների մասով է։ Մի քանի տարի առաջ քեռիս ինձ ներգրավեց այդ բիզնեսում, հիմա էլ այլ անձի հավատարմային կառավարման դաշտ տեղափոխելու գործընթացի մեջ եմ, քանի որ որպես պաշտոնյա՝ այլևս իրավունք չունեմ բիզնես գործունեություն ծավալել»,- ասում է նա:

Պնդում է, թե պաշտոնի նվաճմանը թավշյա հեղափոխության օրերին «քայլելով» չի հասել, իր խոսքով՝ այնքան լավ երկիր ենք դարձել, որ շարքային քաղաքացու պես կարդացել է թափուր տեղի մասին, եկել ու նշանակվել է այս պաշտոնին:

Ինչո՞ւ է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդդիմացել իր թեկնածությանը, ինչո՞ւ է մեկ շաբաթ ձգձգելուց հետո, ի վերջո, կառավարության պաշտոնյայի հետ՝ իր նախարարական կաբինետում կեսժամանոց զրույցից հետո որոշում կայացրել ՝ հաստատելու Գառնիկ Վարդանյանի թեկնածությունը՝ «Թիվ 1»-ի տնօրենի ԺՊ հաստիքում։

Մեր այս հարցադրմանը Գառնիկ Վարդանյանը պատասխան չուներ, խնդրեց հասցեատիրոջը տալ՝ Զարուհի Բաթոյանին:

Իր վարկածն այն է, որ նախկին տնօրեն Վահան Զուրաբյանն իր ազատման հրամանը վիճարկում է դատարանում, ուստի նախարարի զգուշավորությունը կարող էր պայմանավորված լինել նաև այս հանգամանքով:

Գառնիկ Վարդանյանը չի թաքցնում, որ այս անցումային շրջանը որոշիչ է և՛ իր, և՛ նախարարության համար: Ամեն դեպքում պատրաստ է շարունակել պաշտոնավարումը, այդ թվում՝ մասնակցել մրցույթի ու հաստատվել պաշտոնում, միայն երկու բացառող հանգամանք ունի: Դատարանից վճռի են սպասում, հեղափոխական տնօրենը չի բացառում նախկինի վերանշանակման սցենարը, իսկ երկրորդ գործոնն ԱՄՆ մեկնելու իր պլաններն են, ասում է՝ հնարավոր է՝ կրթությունն առաջնային համարի:

«Ծերանոցում աշխատելը դաժան պատասխանատվություն է, իրականում այստեղի ոչ աշխատավարձն է գրավիչ, ոչ էլ պաշտոնն է հրապուրիչ, այդքան ահռելի պատասխանատվության դիմաց, որ կրում ես 250 շահառուի և 100-ից ավելի աշխատակազմի համար: Երբ մարդը տնօրինում է մի քանի հարյուր միլիոն դրամանոց բյուջե և շատ չնչին աշխատավարձի դիմաց պարտավոր է զգոն աշխատել ավելի քան 400 մարդկանց հետ, ընդ որում՝ խիստ զգայուն, խոցելի խավի համար, հավատացեք, շատ ծանր է ու անչափելի: Բայց ամենակարիքավոր խավի կյանքի որակը մոտեցնել կատարյալին ու դրանից բավարարվածության մեծ զգացողություն ապրել, չեմ կարծում, թե այլ հնարավորություն կլիներ»,- ասում է մեր զրուցակիցը:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս