«Քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության խնդիրը լուծված է». Արտակ Զեյնալյան
Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2287 անձ, ինչը 1247-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նրանցից 998-ը կալանավորված անձ են, 1302-ը՝ դատապարտյալներ։ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ ամփոփելով նախարարության կողմից այս տարվա առաջին եռամսյակում կատարած աշխատանքները։
Ըստ նախարարի, նույնականացման քարտեր և անձնագրեր տրամադրվել է 48 կալանավորված և դատապարտված անձի։
«Դատապարտյալներից 281-ը ներգրավվել են տարաբնույթ աշխատանքներում, ինչն իրականացվել է դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, սոցիալական վերականգնողական միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Սա իրականացվել է «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի հետ միասին։ 89 դատապարտյալ իրացրել է իր կրթական իրավունքը, 22-ը՝ հանրակթական, 63-ը՝ մասնագիտական, 4-ը՝ բարձրագույն և հետբուհական»,- ասաց Արտակ Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ այս տարի նաև սկսվել են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ներքին կոյուղու ցանցի արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցի, սանհանգույցների, բաղնիքների ներքին և արտաքին էլեկտրահամակարգերի կապիտալ շինաշխատանքները։
Այսպիսով՝ լուծվել է Նուբարաշենի կոյուղու հարցը, որը երկու տարի առաջ մեծ արձագանք էր գտել Երևանի ավագանու նիստի ժամանակ։
Իսկ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում էլ սկսվել է արտաքին կոյուղու ցանցի և 143 մետր երկարությամբ պարսպի կապիտալ շինաշխատանքները։
«Բացի կարճատև տեսակցությունից, կալանավորված անձանց կտրվի նաև երկարատև տեսակցություն՝ երկու ամսվա մեջ առնվազն մեկ անգամ։ Կալանավորված անձի խնդրանքով երկարատև տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ։ Երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով դատապարտյալի կարճատև մեկնումը չենք պայմանավորելու միայն հաշմանադամություն ունենալու կամ մանկատանը երեխա ունենալու հանգամանքով։ Այլ նշված նպատակով դատապարտյալին կարճատև մեկնման հնարավորություն կտանք, եթե նրա երեխան հայտնվել է կյանքի դժվարին պայմաններում, սա մարդասիրական քայլ է»,- շեշտեց Արտակ Զեյնալյանը։
Նա նաև հավելեց, որ կալանավորված և դատապարտված անձանց առողջությանը վերաբերող հարցերը նույնպես լուծել են, նրանք կօգտվեն նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից՝ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով։
Զվարթ Խաչատրյան