«Արձանագրել ենք խնդիրներ` փաստացի քրեական հետապնդման հետ կապված». ՄԻՊ

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրեց «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թ. գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։

«Կարևոր է, որ այս զեկույցում մեծ բաժին է նվիրված արդար դատաքննության ու անձնական ազատության իրավունքներին»,- ասաց Ա.Թաթոյանը։

Ըստ նրա՝ այսօր պրակտիկայում նկատվում են օպերատիվ տվյալների չարաշահումներ, երբ հայտարարվում է, որ որոշման կայացման հիմքում դրվում են օպերատիվ տվյալները, և կարող է մարդու ողջ գույքի վրա կալանք դրվել. «Օպերատիվ տվյալի չարաշահման վտանգը նրանում է, որ չես կարողանում ստուգել, մարդը պաշտպանվելու արդյունավետ միջոց չունի»։

Ա.Թաթոյանի խոսքով՝ իրենք նման դեպքերում առաջարկում են գործընկերներին բացել աղբյուրները, որ մարդը կարողանա պաշտպանվել։

«Արձանագրել ենք խնդիրներ փաստացի քրեական հետապնդման հետ կապված, այսինքն՝ մարդը չունի դատավարական ֆորմալ կարգավիճակ, բայց նրա նկատմամբ իրականացվում է փաստացի հետապնդում»,- ասաց Ա.Թաթոյանը։

Դրական պրատիկա, նրա խոսքով, կա կալանքների հետ կապված. «Կալանքների միջնորդնությունների թիվը նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել է։ Բայց ակնհայտ է, որ բավարարումն այդքան ակնհայտ չի, որքան միջնորդությունները։ Ուզում եմ այստեղ հատուկ ընդգծել՝ ակնհայտ է, որ այս փոփոխությունը կապված է երկրում քաղաքական փոփոխությունների հետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրված չէ։

Օրինակ՝ եթե այս փոփոխությունից առաջ ունեինք և, իմ տարեկան զեկույցում էլ եղել է, բավարարման շատ մեծ ցուցանիշ, հիմա ունենք դրական փոփոխություն, բայց օրենսդրությունը նույնն է։ Հետևաբար՝ սա իրավակիրառ պրակտիկայի հարց է։ Ես սա կարևորում եմ, բայց, միևնույն է, խնդիրները մնում են, օրենսդրությունը նույնն է, կալանքը դեռ, ցավոք սրտի, չի ընկալվում՝ որպես վերջին միջոց։

Ինչո՞ւ է պետք կալանքն այդպես ընկալել։ Նախ՝ օրենսդրությունը թույլ չի տալիս, ճկուն չէ, օրինակ, իմ կարծիքով, վաղուց պետք է վերացնել «մեկ մեղադրյալ, մեկ խափանման միջոց» բանաձևը։ Պետք է լինի մեկ մեղադրյալ և անգամ մի քանի խափանման միջոց, բայց մենք հասնենք նրան, որ ազատությունից չզրկենք մարդուն։ Բայց այսօր այնքան մեծ է բացը կալանքի և մյուս խափանման միջոցների միջև, որ, օրինակ՝ իրավաչափ նպատակ ունի քննությունը ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, բայց չի թույլ տալիս խափանման միջոցների ճկուն համակարգը հասնել դրան»։

Ա.Թաթոյանը նշեց, որ իրենք առաջարկել են հիմնարար փաթեթ, և քննիչը չպետք է կարողանա արգելանք կիրառել անձի ընտանիքի հետ կապի նկատմամբ, դա պետք է անի մինչդատական վարույթում առնվազն դատախազը, դատարանում պետք է վերանայվի, պետք է դառնա հարկադրանքի միջոց, պետք է կայացվի առանձին որոշում, այն հանձնվի անձին, որպեսզի անձն ունենա բողոքարկման հնարավորություն։ Պաշտպանը նշեց, որ օրենսդրական նախագծերն իրենք արդեն մշակել են և կներկայացնեն խորհրդարան։

Տեսանյութեր

Լրահոս