Ինդոնեզիայում հեղեղումներից զոհվածների թիվը հասել է 31-ի
Ինդոնեզիայի Բենկուլու նահանգում եւ Ջակարտայում հեղեղումներից զոհվածների թիվը հասել է 31-ի, եւս 13 մարդ անհայտ կորած է համարվում: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր տասը զոհվածների եւ ութ անհետ կորածների մասին:
Գործակալությունը նշում է, որ ներկայում որոնողափրկարարական գործողություններ են ընթանում: Ավելի վաղ հորդառատ անձրեւների պատճառով Բենկուլու նահանգում մի քանի գետեր դուրս են եկել ափերից՝ հեղեղելով մերձակա շրջանները:
Հեղեղումներից նաեւ մի քանի սողանքներ են առաջացել, որոնց պատճառով խախտվել են ցամաքային հաղորդակցուղիները այդ նահանգի շրջանների, ինչպես նաեւ այլ նահանգների եւ Բենկուլուի միջեւ: Նահանգապետը հայտարարել է, որ փրկարարները բնակիչների տարհանում են իրականացնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: