Բաժիններ՝

«Քյարամի ու Հայկի լուսավոր ծնունդներն ու անդառնալի կորուստն են հիշարժան դարձնում ապրիլի 27-ը». Շուշան Պետրոսյան

Քաղաքացու օրվա խորհրդի մասին 168.am-ը մեկնաբանություն խնդրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանից, ով նկատեց, որ տոնն իր համար այլ խորհուրդ ունի:

«Այս օրն ինձ համար խորհուրդ ունի։ Այսօր՝ ծագումով եզդի, ոգով, իսկական մարտիկ, քառօրյա պատերազմում զոհված հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է, ով հակառակ իր 4-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանին՝ չի նահանջել, և կողք կողքի շարունակել են պաշտպանական մարտը՝ մինչև անմահանալը։

Ինչպես նաև քառօրյա պատերազմի՝ ազերիների խնդրանքով կնքված զինադադարից հետո, օրեր անց, ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդն իրեն շատ բնորոշ, հրադադարի խախտման 18 միջադեպ է գրանցել, տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից կրակահերթեր  արձակելով հայ դիրքապահների ուղղությամբ, իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ-21 (Գրադ) կայանքներից։ Խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ:

Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր: Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ ու անմարդկային գործողությունների հետևանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը։

Կարծում եմ՝ Քյարամի ու Հայկի լուսավոր ծնունդներն ու անդառնալի կորուստն են հիշարժան դարձնում ապրիլի 27-ը, մեր ապրելու Ապրիլը»,- ասաց Շուշան Պետրոսյանը։

ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս