«Մենք էլ պետք է մտածենք, որ այստեղ Չինաստանը բիզնես ներկացուցչություն ունենա». Անդրանիկ Ալեքսանյան
ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատն (ԱԱՊ) աշխատանքներ է տանում հաջորդ տարի չինական «Մետաքսի ճանապարհ» մեգանախագծի համաժողովը Երևանում կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԱՊ գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը:
Ըստ նրա՝ այսօր Պեկինում մեկնարկած «Մետաքսի ճանապարհ» 2-րդ համաժողովին ՀՀ ԱԱՊ-ն չի մասնակցում, քանի որ համաժողովի ուղղվածությունն այլ է:
««Մետաքսի ճանապարհն» ունի մի քանի ուղղություն՝ կրթական, առևտրային, մշակութային, քաղաքական: ԱԱՊ-ն իրենց հետ ծրագրեր իրականացնում է, և փորձում ենք մյուս տարի այդ համաժողովը ՀՀ-ում անցկացնենք, ներկայացնենք մեր գլոբալ առևտրային ծրագրերը: Չինացիները շատ խելոք բան են անում, ուզում են Եվրոպան էքսպանսիայի ենթարկել ու գրավել, և մեր խնդիրն է՝ հասնել նրան, որ ճանապարհն այստեղով անցնի: Բայց միայն տրանզիտը բավարար չի, Հայաստանը պետք է պլացդարմ լինի, որ այստեղից հարևան երկրներ գնան: Շանսեր կան, պետք է ժամանակին ճիշտ տեղում լինել:
Օրինակ՝ վրացիներն ազատ առևտրի հնարավորություն են ստացել, և այժմ ինչ որակի գինի ունեն, Չինաստանում վաճառում են: Մենք էլ պետք է մտածենք, որ այստեղ Չինաստանը բիզնես ներկացուցչություն ունենա, ու «Պատրաստված է Հայաստանում» ապրանքանիշով արտադրանք արտահանեն, քանի որ չինականը մի քիչ անքան էլ լավ համբավ չունի»,- ասաց Ա.Ալեքսանյանը՝ նկատելով, որ պատահական չէ, որ Չինաստանը մեր երկրում մի հսկայական դեսպանատուն է բացում:
Հիշեցնենք, որ մոտ 3 տարի առաջ ՀՀ ԱԱՊ-ի ջանքերով Հայաստանը դարձել է Մետաքսի ճանապարհի երկրների առևտրի պալատի (ՄՃԵԱՊ) անդամ։