«Ես եմ մեղավոր, որ ծառերը տնկելու մոմենտին մի հատ վարչական գրեի ու մի 100 հազար դրամ տուգանեի, իրեն էլ ուղարկեի միլիցիա…». Գյուղապետ
Օրերս մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղավ Արարատի մարզի Նարեկ գյուղում տեղի ունեցած ծառահատման վերաբերյալ։
Բանն այն է, որ Նարեկի գյուղապետ Գարուշ Հակոբյանի հանձնարարականով հատվել էին համայնքապետարանին կից հողատարածքի ծառերը, որոնք տնկել էր նույն գյուղի բնակիչ Վարսենիկ Վարդանյանը։ Նախկինում տարածքն ամայի էր եղել, սակայն Վ. Վարդանյանը տարածքը կարգի էր բերել, ծառեր տնկել և այն դարձրել մշակովի հողատարածք։
Ծառահատման դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել գյուղում, քանի որ հատվել էին պտղատու ծառեր, ինչը գյուղապետը բացատրել էր նրանով, որ պատրաստվում է ծառերի փոխարեն մարզադաշտ կառուցել։
168.am-ի Նարեկի գյուղապետը նշեց, որ այդ հողատարածքը պականում է գյուղապետարանին, հատակագծով էլ այն համարվում է համայնքապետարանի սեփականությունը։
«Գրում են, թե ես բիրտ ձևով ծառերը կտրել եմ, դրանք իրականությանը չեն համապատասխանում, որովհետև դրա հետևում բազմաթիվ փաստաթղթեր կան՝ զգուշացումներ, նախազգուշացումներ, գործեր հարուցված, ուսումնասիրություն դատախազության կողմից, Տարածաքային կառավարման նախարարին, վարչապետին գրվել է, պատասխանը ստացել ենք, հիմնավորվել է, որ ես ճիշտ եմ։
Հիմա ես գնամ, մտնեմ ինչ-որ մեկի տուն ու ասեմ՝ տունն իմն է, կտա՞։ Այդ կնոջը հարցրեք, թե որտեղ են այն փաստաթղթերը, որ այդ հողամասն իրենն է։ Ես եմ մեղավոր, որ ծառերը տնկելու մոմենտին մի հատ վարչական գրեի ու մի 100 հազար դրամ տուգանեի, իրեն էլ ուղարկեի միլիցիա։ Չեմ արել, որովհետև մտածել եմ միայնակ մայր է, երեխա է պահում։ Գարնանը մարզպետին գրել էր, որ բան չանենք մինչև բերքը հավաքի, բերքը հավաքելուց որոշեցինք շինարարություն անել, բայց շինարարն եկավ մեր ու տղա շինարարին ծեծեցին»,- ասաց Գարուշ Հակոբյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ համագյուղացուն ուղարկած նախազգուշացման բոլոր ծանուցագրերը կան և այժմ գործի հետ կապված ոստիկանությունում տեղի է ունենում հետաքննություն։
Զվարթ Խաչատրյան