ՍԴ դատավորի հավակնորդները չեն շտապում. Թափուր հաստիքի համար դիմումներ դեռ չկան
Մոտ 10 օր առաջ Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժվելուց հետո ՀՀ նախագահը նոր մրցույթ հայտարարեց։ Այս ընթացքում Արմեն Սարգսյանը որևէ կերպ որևէ դիրքորոշում չի հայտնել իր առաջադրած թեկնածուի մերժման կապակցությամբ։ Չէ՞ որ նախքան ԱԺ-ին ներկայացնելը, Հանրապետության նախագահն ինքն է նախնական ընտրություն կատարում, զրուցում հնարավոր թեկնածուի հետ։ Եվ այժմ, երբ ԱԺ-ն մերժել է անձին, որին նախագահն արժանի էր համարել այդ պաշտոնին, Արմեն Սարգսյանը պետք է նոր թեկնածու ընտրի։
168.am-ը հարցում ուղղեց ՀՀ նախագահ պարոն Արմեն Սարգսյանին՝ խնդրելով դիրքորոշում հայտնել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում իր կողմից առաջադրված Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունն Ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից մերժվելու կապակցությամբ: Նաև հետաքրքրվեցինք՝ նախագահի կարծիքով՝ Գ.Հովհաննիսյանից հետո ինչպիսի՞ թեկնածու պետք է լինի։
«Ազգային ժողովը՝ քննարկելով Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուին ներկայացված պահանջներին համապատասխանող Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը, 24 «կողմ» և 75 «դեմ» ձայներով չընտրեց վերջինիս՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր: Հանրապետության նախագահն Ազգային ժողովի կայացրած որոշումն ընդունել է ի գիտություն և նախաձեռնել է առաջադրման նոր գործընթաց»,- մեր հարցմանն ի պատասխան՝ մեզ փոխանցեցին Հանրապետության նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախագահականից նաև նշել են, որ Հանրապետության նախագահի 2019 թվականի ապրիլի 18-ի ՆԿ-21-Ա կարգադրությամբ մինչև ս. թ. մայիսի 3-ը, ժամը 18:00, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով հավակնորդները կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմ՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը: Հավակնորդների կողմից ներկայացված բոլոր դիմումներն ու փաստաթղթերը Հանրապետության նախագահն ընդունելու է ի գիտություն՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի թափուր հաստիքը համալրելու համար ցանկություն ցուցաբերած անձանց վերաբերյալ տեղեկատվություն:
Հայտերի ընդունումը մեկնարկել է մեկ շաբաթ առաջ։ Տվյալ պահի դրությամբ Հանրապետության նախագահի աշխատակազմ որևէ դիմում չի ներկայացվել, հայտնեցին նախագահի աշխատակազմից։