Բաժիններ՝

Շրի Լանկայում 200 պայթուցիչների պահեստ են գտել

Շրի Լանկայի ոստիկանության աշխատակիցները ստուգարշավի ընթացքում պայթուցիկ սարքերի համար նախատեսված մոտավորապես 200 դետոնատորների պահեստ են հայտնաբերել երկրի կենտրոնական մասի Նուվարա Էլիա քաղաքում: Այդ մասին հայտնել է հանրապետության իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչ Ռուվան Գունասեկարան: Ոստիկանի ասելով, որի խոսքը մեջբերել է Daily Mirror թերթը, բացի դրանից, մայրաքաղաքի շրջանում իրավապահները երեք մարդու են բերման ենթարկել 21 նռնակ պահելու համար: Նրանց մոտ նաեւ հայտնաբերվել են վեց միավոր սառը զենք եւ փոքր հզորության ինքնաշեն պայթուցիկ սարք:

Իր հերթին, ինչպես տեղեկացնում է Ada Derana տեղական ինտերնետ-հրատարակությունը, երկրի տարբեր շրջաններում հակաահաբեկչական գործողությունները մինչ այժմ շարունակվում են:

Ապրիլի 21-ին Շրի Լանկայում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ. առաջին վեցը որոտացել են երկրի երեք տաճարներում եւ երեք հյուրանոցներում, յոթերորդը՝ կղզու արեւմուտքում, ութերորդը՝ Կոլոմբոյի արվարձանի բնակելի համալիրում: Ահաբեկչական գործողություններում գործի են դրվել ինը մահապարտ-ահաբեկիչներ, որոնցից ութի ինքնությունն արդեն պարզված է: Նրանք Շրի Լանկայի քաղաքացիներ են:

Վերջին տվյալների համաձայն, պայթյունների հետեւանքով զոհվել է 359 մարդ, տուժել է ավելի քան 500 հոգի: Պայթյունների հետաքննության ընթացքում ձերբակալված կասկածյալների թիվը հասել է 76-ի: Պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, թեեւ խմբավորումը կղզում կատարված գրոհներին իր մեղսակցության ապացույցներ չի ներկայացրել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս