Մենք այսօր տեսնում ենք, որ հենց Սերժ Սարգսյանի նշանակած կադրը՝ ՀՀ գլխավոր դատախազը, պաշտպանում է պետության կողմից ներկայացված մեղադրանքները». Ալեն Սիմոնյան
«Ճիշտ կլինի՝ Պանամայում փնտրի քաղաքական ապաստան, քան Ռուսաստանում»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանում քաղապաստան խնդրելու մասին:
Ըստ նրա՝ մարդիկ, իմանալով, թե իրենց ինչ է սպասվում, ոչ միայն անձամբ են լքել Հայաստանը, այլև՝ իրենց ունեցվածքն են փորձել տեղափոխել:
168.am-ի հարցին՝ եթե իշխանության անդամ Դավիթ Սանասարյանն է հայտարարում, որ իր գործը շինծու է, ինչո՞ւ պիտի նախկին իշխանության ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը չհայտարարի, որ քաղաքական հետապնդում կա իր հանդեպ, ու ՌԴ-ն որոշի չարտահանձնել նրան, Ա.Սիմոնյանը պատասխանեց, թե անընդունելի են զուգահեռները Սանասարյանի ու Պողոսյանի միջև, և Սանասարյանը չի ասում, որ իր հանդեպ քաղաքական պատվեր է իրականացվում. «Օրենքի առջև ոչ հավասար մարդ չկա»:
Մեր դիտարկմանը, որ ընդդիմությունն ասում է, որ Սերժ Սարգսյանի նշանակած կադրերն են ղեկավարում իրավապահ համակարգը, և դրա շնորհիվ է, որ այդ անձանց հաջողվում է հեռանալ երկրից ու խուսափել պատասխանատվությունից, Սիմոնյանը պատասխանեց, որ Սերժ Սարգսյանի այդ կադրերին օրենքը խախտելու պարագայում Սարգսյանի նշանակած մեկ այլ կադր մեծ հաճույքով պատասխանատվության կենթարկի.
«Թող որևէ մեկը չմտածի, որ ինքն ապահովագրված է, որ Սերժ Սարգսյանի կադրն է դատավորը, կամ դատախազը, կամ քննիչը: Դա չի փրկի: Մենք այսօր տեսնում ենք, որ հենց Սերժ Սարգսյանի նշանակած կադրը՝ ՀՀ գլխավոր դատախազը, պաշտպանում է պետության կողմից ներկայացված մեղադրանքները»: