Բաժիններ՝

Ատրպատականի հայությունը հարգանքի տուր է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ատրպատականի Հայոց թեմում ապրիլի 24-ին հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

«Հայոց Ցեղասպանութեան 104-րդ տարելիցի առիթով, հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ մատուցւեց Թաւրիզի Լիլաւա հայաշատ թաղամասի Սբ. Սարգիս եկեղեցում, որի շրջափակում է գտնւում հայ ֆիդայիների աճիւնների վրայ կանգնած Նահատակաց յուշարձանը, Ալեքսանդր Թամանեանի նախագծմամբ:

Եպիսկոպոսական սուրբ պատարագ մատոյց Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը, առընթերակայութեամբ Թաւրիզի հոգեւոր հովիւ՝ Արժ. Տ. Մարտիրոս Քհնյ. Ղուկասեանի: Խորանին սպասարկում էին սարկաւագաց եւ դպրաց դասերը, իսկ երգեցողութիւնը կատարում էր «Կոմիտաս» երգչախումբը, ղեկավարութեամբ երաժիշտ՝ Վարդան Վահրամեանի:

«Հայր Մեր»ից առաջ Սրբազան Հայրը տւեց իր պատգամը, Քրիստոսի «ես եմ մի վախենաք» խօսքը բնաբան վերցնելով, որը ուղղւած տեսաւ մեր ազգին երբ նա տագնապի մէջ են յայտնւել պատմութեան հոլովոյթում. «Բոլոր ժամանակներում, Քրիստոսնէութեան հետեւորդ մեր ազգը երբ հալածանքի եւ կոտորածի է ենթարկւել, իր ականջներում լսել է մեր Տիրոջ քաջալերող ձայնը որ ասում է՝ Ես եմ մի՛ վախեցէ՛ք: Այս քաջալերական խօսքն է որ պատճառ է հանդիսացել մեր ազգի տոկունութեան, որով նա կարողացել է փիւնիկի նման վերյառնել մոխիրներից, նոյնիսկ անապատի աւազներից եւ Ցեղասպանութեան անդարձ ճանապարհից…», ասաց Սրբազանը:

Ապա, նա անդրադարձաւ աշխարհաքաղաքական շահերի զոհ մեր ժողովրդի նահատակներին, ասելով որ նրանց արեան գինը սակարկութեան նիւթ չէ. «Մենք միշտ պատրաստ ենք երախտագիտութիւն յայտնելու եւ բարեկամ կոչելու այն ազգերին, որոնք ճանաչում են Հայոց Ցեղասպանութիւնը: Բայց նոյն Եւրոպան չէ՞ր որ մերժեց Մեծի Տանն Կիլիկիոյ Երանաշնորհ Տ.Տ. Սահակ Բ. Խապայեան Կաթողիկոսին, երբ նա ափ էր առնում Եւրոպայի դռները, արդարութիւն աղերսելով…» ասաց Սրբազան հայրը: Ապա նա կոչ ուղղեց թեմի բոլոր հայութեան, տէր կանգնելու մեր նահատակների կտակին. «Մեզ բաժին ընկած պարտականութիւնն է մեր սուրբ նահատակների կտակին հաւատարմութիւն, այսինքն՝ հաւատարմութիւն մեր կրօնին, մեր ազգին ու մեր հայրենիքին: Մենք ջարդւելով ջնջւող ժողովուրդ չենք: Մենք մեր հաւատքով, մեր մշակոյթով ու մեր պատմութեան յաւերժութիւն ընթացող ազգ ենք», եզրակացրեց Սրբազան հայրը:

Սբ. պատարագի աւարտին սկաւուտական կանոնաւոր շարքերը կանգնեցին եկեղեցու ատեանում, յարգանքի կեցւածքով մասնակից դառնալու մայր խորանի վրայ տեղի ունենալիք Բարեխօսական Կարգին: Սրբազան հօր գլխաւորութեամբ ընթերցւեցին աղօթքներն ու յատուկ շարականները, որոնք մեր նահատակների սրբադասման առիթով խմբագրւել էին Հայ Եկեղեցու սրբադասման յանձնախմբի կողմից: «Քրիստոս Աստւած մեր» մաղթանքով յիշւեցին մեր մէկուկէս միլիոն Նահատակները, որոնք հաւատքի եւ հայրենիքի համար թափեցին իրենց սուրբ արիւնը: Եկեղեցական արարողութիւնից յետոյ, Հ.Մ.Ա.Կ.ի Թաւրիզի մասնաճիւղի սկաւուտական կազմի երդման արարողութիւնը տեղի ունեցաւ խմբապետների առաջնորդութեամբ:

Երդման արարողութիւնից յետոյ տեղի ունեցաւ ծաղկեմատոյց, երբ ներկայ ամբողջ ժողովուրդը մօտեցաւ յուշարձանին, Հ.Օ.Մ.ի Թաւրիզի մասնաճիւղի կողմից պատրաստւած ծաղիկները խոնարհելով Նահատակաց Յուշարձանին: Ապա, թեմում գործող բոլոր կազմակերպութիւններն ու միութիւնները մօտեցան Յուշարձանին, միասնական խոնարհումով յարգելով սրբերի լուսերամի անմահ ճանապարհորդ մեր նահատակների յիշատակը:

Պահանջատիրական պայքարի աննահանջ երթի իբրեւ ջահակիր, Ատրպատականում ապրող հայութիւնը իր բոլոր կազմակերպութիւններով, միութիւններով եւ ժողովրդական խաւերով, յարգանքի իր տուրքը ընծայեց մեր մէկուկէս միլիոն սուրբ զոհերին, վերանորոգելով իր հաւատարմութեան ուխտը, հանդէպ նրանց կտակին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս