ՀՀ արտգործնախարարության և «168 Ժամի» «բովանդակալից» հարցուպատասխանը

 «168 Ժամն» ապրիլի 18-ին գրավոր հարցեր էր ուղղել ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին։ Երկուշաբթի օրը՝ ապրիլի 22-ին, ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանի կողմից ստացանք պատասխանները։

Ցավոք, այսօր հայ հանրությունը երկրի համար կարևորագույն խնդրի՝ Ղարաբաղյան հիմնահարցի բանակցային գործընթացի և բովանդակության մասին ավելի շատ տեղեկանում է ՌԴ Արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունների, ինչպես նաև միջազգային և ադրբեջանական մամուլում տեղ գտած որոշակի տեղեկատվական արտահոսքերի միջոցով։ ՀՀ արտաքին գերատեսչությունը հիմնականում հակադարձում է նրանց այս կամ այն հայտարարությունները, և հաճախ՝ ուշացած։

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը դեռևս 2018թ. դեկտեմբերին մեդիա-ներկայացուցիչների հետ հրապարակման ոչ ենթակա հանդիպման ընթացքում՝ «168 Ժամի» խմբագրի հարցերին ի պատասխան՝ հարց հնչեցրեց՝ «Ինչո՞ւ է Հայաստանում Մամեդյարովի ձայնն ավելի բարձր հնչում»։ Պատասխանն ակնհայտ է. որովհետև ՀՀ արտաքին գերատեսչությունը հիմնահարցի բանակցային գործընթացի մասին կամ ոչինչ չասող պատասխաններ է տալիս, կամ պարզապես զբաղված է Ադրբեջանի արտգործնախարարի կամ այլ պաշտոնյաների կողմից հնչեցված տեսակետներն ուղղակի այս կամ այն կերպ հերքելով։ Իսկ ամենազավեշտալին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝  օրեր առաջ Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ  հանդիպման ընթացքում հնչեցրած ելույթն էր, որի ընթացքում նա խոստովանեց, որ բանակցությունների է գնում առանց որևէ օրակարգի ու տեսլականի:

«Մենք չունենք համազգային կամ առնվազն պետական մակարդակով ձևակերպված պատասխան, թե ի՞նչ երկրիր ենք ուզում տեսնել 20, 30, 50 կամ 100 տարի հետո: Դրա պատճառն այն է, որ այս տեսլականը ձևակերպելու համար պետք է ձևակերպենք, թե, օրինակ՝ Արցախի հարցի լուծումը մենք ինչպե՞ս ենք պատկերացնում: Երբ մենք մեզ համար հստակ ձևակերպենք, թե Արցախի հարցի լուծումն ինչպե՞ս ենք պատկերացնում, մնացած ձևակերպումները շատ ավելի հեշտ կդառնան:

Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել: Երբ դուք՝ բոլորդ, ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում, որ՝ այ, կգնաս ու Ղարաբաղի հարցը կլուծես այսպես: Այսօր հայ հանրությունը և ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, էս էլ քեզ՝ թուղթը, կարդա, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, ոչ մի կառավարություն չէ: Ղարաբաղի հարցի ամբողջ սեփականատերը հայ ժողովուրդն է: Եվ ամբողջ հայ ժողովուրդը պետք է հստակ ձևակերպի, թե ոնց է պատկերացնում, այդ հարցի հետ ի՞նչ պետք է լինի:

Եվ մենք մի մեծագույն սխալ ենք գործել Երրորդ Հանրապետության ողջ պատմության ընթացքում: Մենք փոխանակ ասենք՝ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակները պետք է լինեն մեր նախընտրական քննարկումների, բանավեճերի առանցքային դրույթներից մեկը, մենք հակառակն ենք արել, ասել ենք, որ՝ եկեք Ղարաբաղի մասին չխոսենք: Դրա համար ձևավորվել է այս անորոշության ու կասկածի մթնոլորտը»,- հայտարարել է նա՝ հարց բարձրացնելով՝ արդյո՞ք ժողովուրդը պատրաստ է կրել Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակի պատասխանատվություն:

Մի կողմ թողնենք, որ կրկին, ինչպես բոլոր հարցերում, Փաշինյանն իր վրայից «գցում է» պատասխանատվությունը՝ այն դնելով հասարակության վրա։ Նույնիսկ մի կողմ թողնենք այն, որ հայտարարում էր, թե Ալիևի հետ բանակցությունների կնստի միայն այն դեպքում, երբ Արցախը ևս կմասնակցի՝ որպես երրորդ կողմ, սակայն, ի վերջո, առանց Արցախի նստեց սեղանի շուրջ։ Խնդիրն այստեղ այն է, որ, փաստորեն, նա բանակցություների է գնում առանց խնդրի լուծման իր մոտեցումների։

Ինչևէ, ստորև ներկայացնում ենք ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ուղղված մեր հարցերն ու ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանները։

 Հարց. -Խնդրում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական մեկնաբանությունը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ով Սերբիայի կառավարության նախագահի առաջին տեղակալ, ԱԳ նախարար Ի. Դաչիչի հետ իրենց բանակցությունների արդյունքներին նվիրված համատեղ ասուլիսի ընթացքում վերահաստատել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի խոսքերը՝ ասելով, որ դրանց ավելացնելու բան չունի։

 Պատասխան.– Ձեր հարցը պարունակում է ազատ մեկնաբանություն, որի հետ չենք կարող համաձայնել:

Հարց. –Tert.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ պաշտոնական արձագանքում խոսնակ Աննա Նաղդալյանը նշել է. «Համաձայնեցված ձևակերպումներից դուրս, դրանց հակասող հայտարարությունները չեն նպաստում փոխվստահության ամրապնդմանը, առավել ևս, եթե դրանք մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը։ Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում»։ Նշյալ խոսքերի տակ թաքնված կշտամբանքը վերաբերելի՞ է նաև ՌԴ արտգործնախարարին, թեպետ վերջինիս անունը չի հիշատակվում։

Պատասխան.– Ոչ:

Հարց. -Խնդրում ենք ևս մեկ անգամ հստակեցնել՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունն այն մասին, որ ս/թ ապրիլի 15-ին Մոսկվայում քննարկում է եղել 2016թ.-ին Ռուսաստանի կողմից ներկայացված ծրագրի հիման վրա, ի՞նչ «ծրագրի» մասին է խոսքը, և ի՞նչ փաստաթուղթ է դրված սեղանին։

Պատասխան.- Հարցի վերաբերյալ սպառիչ պատասխան պարունակվում է Ձեր կողմից նախորդ հարցում վկայակոչված մեկնաբանության մեջ:

Հարց.– Փաստացի Մոսկվայում երկու հանդիպում է տեղի ունեցել՝ եռակողմ, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև, և ապա նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ Հայտարարությունը տարածվել է բացառապես համանախագահների հետ հանդիպման արդյունքներով, բայց և՛ Մամեդյարովի, և՛ Լավրովի ակնարկներից պարզ է դառնում, որ իրենց ասածը վերաբերում է եռակողմ հանդիպմանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք եռակողմ հանդիպումը։

Պատասխան.– Ընդունված հայտարարությունը վերաբերում է միմյանց հաջորդած հանդիպումներին, ինչը հստակ արձանագրված է հայտարարության առաջին նախադասության մեջ. «Ապրիլի 15-ին Մոսկվայում ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային հանդիպումը, որին միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա),  ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը»:

Հարց.– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում իր ելույթում խոսեց նաև մարտի 1-ից հետո իր՝ քաղաքական բանտարկյալ լինելու մասին։ Դուք 2008թ. հունիսից, փաստորեն, մարտի 1-ից անմիջապես հետո, դարձել եք Եվրոպայի խորհրդում Հայաստանի դեսպանը և 3 տարի զբաղվել եք Մարտի 1-ի քաղաքական հետևանքների վերացմամբ ԵԽ-ում, և անձամբ, եթե չենք սխալվում, հիմնավորել եք, որ Նիկոլ Փաշինյանը և «Մարտի 1»-ի գործով անցնող մնացածները քաղբանտարկյալներ չեն։ Ինչպե՞ս եք ձեզ զգում այն ժամանակ, երբ ԵԽԽՎ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստացի նաև ձեր աշխատանքն էր քննադատում։

Պատասխան.- Դա խմբագրության սեփական եզրակացությունն է, որը չենք մեկնաբանում:

Հարց.– Արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը զեկուցել է, թե Ստրասբուրգում Հայաստանի դեսպան եղած ժամանակ ի՞նչ գործողություններ և նախաձեռնություններ է իրականացրել 2008թ. Մարտի 1-ի իրադարձությունների քննարկումները Եվրոպական խորհրդարանում ուղղորդելու համար։

Պատասխան.– Վարչապետը տեղյակ է ԱԳ նախարարի ողջ դիվանագիտական գործունեության մասին:

Տեսանյութեր

Լրահոս