
Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարչին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչ Յան վան Բիլսենին: Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:
Հանդիպման սկզբում զրուցակիցներն անդրադարձել են Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային համաժողովի շրջանակներում փոխվարչապետի՝ ԱՄՆ կատարած այցի արդյունքներին: Այնուհետև քննարկվել է ՄՖԿ կողմից Հայաստանի զարգացման ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի տրամաբանությունը: Փոխվարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության կողմից նախանշված բազմաթիվ բարեփոխումներ կան, որոնցում ՄՖԿ ներգրավվածությունը մեծ նպաստ կբերի. մասնավորապես, շեշտվել է կապիտալի շուկայի զարգացումն ու բիզնեսների հրապարակային գործունեության բարձրացումը:
ՄՖԿ տարածաշրջանայի կառավարիչը, որպես Հայաստանի հետ համագործակցության գերակա ուղղություններ, առանձնացրել է ֆինանսական, էներգետիկայի, առողջապահության և տուրիզմի ոլորտները:
Զրուցակիցները կարևորել են ֆինանսական ոլորտում թվայնացման զարգացումն ու կանխիկ շրջանառության նվազեցումը, ինչը կնպաստի նաև բիզնես մթնոլորտի բարելավմանը: Առողջապահության ոլորտում երկուստեք կարևորվել է հիվանդությունների կանխարգելումը: Մհեր Գրիգորյանն ու Յան վան Բիլսենը մտքեր են փոխանակել նաև տուրիզմի զարգացման համար առկա պայմանների, ինչպես նաև տուրիզմի ոլորտում տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ: